ԻՊ-ի ահաբեկիչներն իսլամատյացության ալիք են հրահրում աշխարհում. Ռոուհանի
Միջազգային«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն իսլամատյացության սցենարներ Է իրականացնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի նիստում:
«ԻՊ-ի ահաբեկիչներն իսլամատյացության ալիք են հրահրում աշխարհում եւ փորձում են պնդել, որ իրենք ներկայացնում են իսլամը: Եվ դա այն դեպքում, երբ իսլամը դեմ Է ահաբեկչական գործողություններին»,-նրա խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:
Լրատվամիջոցը նշում Է, որ նախագահը վերստին դատապարտել Է վերջերս արմատականների կատարած հարձակումները Լիբանանում եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ այն ահաբեկչական գործողությունը, որի թիրախը դարձավ ռուսական մարդատար ինքնաթիռը:
Ռուհանին հիշեցրել Է, որ այդ գրոհների հետեւանքով զոհվածների մեծ մասը խաղաղ քաղաքացիներ Էին, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, ընդգծելով, որ համընդհանուր կամք ու միասնություն Է անհրաժեշտ նմանօրինակ հանցագործություններին դիմակայելու համար: «Իրանը որպես մի երկիր, որն ինքն Էլ ահաբեկչության զոհ Է, դատապարտում Է ահաբեկչական գործողություններն ու անմեղ մարդկանց զանգվածային սպանությունները եւ վճռականորեն դիմակայելու Է այդ ահաբեկչական գրոհներին»,-հավելել Է Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: