Ֆրանսիան հորդորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ միավորել երկրներն ԻՊ-ի դեմ պայքարում
ՄիջազգայինՖրանսիան հորդորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հնարավոր ամեն ինչ անել Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ մղվող պայքարում բոլոր այն երկրներին ներգրավելու համար, որոնք կարող են մարտական գործողություններ վարել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ֆրանսիայի իշխանությունները նշում են, որ դա հատկապես ակտուալ է դարձել այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն ստանձնեցին Փարիզում կատարված հարձակման եւ Սինայի երկնքում ռուսական A321 օդանավի կործանման պատասխանատվությունը:
Նոյեմբերի 19-ին Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանն է ներկայացրել բանաձեւի նախագիծ, որով կոչ է արվում «կրկնապատկել եւ համակարգել «Իսլամական պետություն» խմբավորման կողմից կատարվող ահաբեկչական գործողությունների կանխմանն ու ճնշմանն ւղղված ջանքերը»:
Որոշ իմաստով Ֆրանսիայի կողմից առաջադրված փաստաթուղթը մրցակցում է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ այն նախագծի հետ, որն ավելի վաղ Անվտանգության խորհրդին ներկայացրել է Ռուսաստանը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հայտարարել է, որ ակնկալում է Փարիզի կողմից առաջարկված փաստաթղթի շուտափույթ ընդունում: