Արգենտինա. իշխող կուսակցության թեկնածուն ընդունեց իր պարտությունը
ՄիջազգայինԱրգենտինայի իշխող կուսակցության ներկայացուցիչ եւ Բուենոս Այրեսի նահանգի նահանգապետ Դանիել Սցիոլին ընդունել է պարտությունը երկրում կայացած նախագահական ընտրություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նախնական արդյունքներով՝ նրա մրցակիցը՝ «Վերափոխումներ» կուսակցությունից աջ կենտրոնամետ թեկնածու Մաուրիսիո Մակրին, հավաքել է ձայների 52,1 տոկոսը: Սցիոլին նրան զիջում է 47,9 տոկոս արդյունքով:
Սցիոլին հայտարարել է, որ Մակրին ընտրվել է «ժողովրդի կամքով»: Նա հայտնել է, որ զանգահարել է հաղթողին՝ շնորհավորելու նրան եւ «հաջողություններ մաղթելու՝ հանուն մեր երկրի բարօրության»:
Իր հերթին Մակրին հայտարարել է, որ «սա պատմական օր է, նոր դարաշրջանի սկիզբ, որը զարմանալի է լինելու»:
Այսպիսով, Արգենտինայում վերջ դրվեց «Ճակատ հանուն հաղթանակի» կուսակցության կառավարման 12-ամյա շրջանին:
Դիտորդների կարծիքով՝ Մակրիի՝ «Բոկա խունիորս» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահի հաջողությունը պայմանավորված է Արգենտինայի իշխող կուսակցության տնտեսական քաղաքականությունից բնակչության դժգոհությամբ:
Արգենտինայի տնտեսությունը, որը չափերով երրորդն է Լատինական Ամերիկայում, ներկայում լճացում է ապրում, գնաճը կազմում է մոտավորապես 30 տոկոս, երկրում ծաղկում է կոռուպցիան: Բացի այդ Արգենտինայի իշխանությունները մինչ այժմ չեն կարգավորել դատավեճը ամերիկացի մի խումբ վարկատուների հետ, որը վերաբերում է 2001 թվականի դեֆոլտից հետո երկրի պարտքի վերաձեւակերպմանը: