Կիպրոսի բնակիչները խնդրում են կղզում ռուսաստանյան ռազմական բազա տեղակայել
ՄիջազգայինԿիպրոսում քննարկում են կղզում ռուսաստանյան ռազմական բազա տեղակայելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Իզվեստիա»-ն, Կիպրոսի ուղղափառ իրավապաշտպան կենտրոնի ղեկավարՄարիուս Ֆոտիուն խնդրանքով դիմել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին կղզում ռուսաստանյան ռազմական բազա տեղակայել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմումից պաշտպանվելու համար:
Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, այդ առնչությամբ հանրապետությունում միաժամանակ քաղաքացիների մեջ ստորագրահավաք է սկսվել:
Դիմումում նշվում է, որ Եվրամիության բոլոր երկրներից Սիրիային ավելի մոտ գտնվում է Կիպրոսը, այդ պատճառով բնակիչները վախենում են ահաբեկչական գործողություններից: Բնակիչները Կիպրոսի նախագահին խնդրում են «Կիպրոսի տարածք հրավիրել ՌԴ ռազմա-ծովային նավատորմի եւ Օդային-տիեզերական ուժերի առանձին զորամիավորումներ»:
«Քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել, մեր երկիրը գտնվելու է ռիսկի ամենաբարձր գոտում: Մեր բանակին, ավիացիային եւ նավատորմին ուժեղ եւ հմուտ ընկերոջ աջակցություն է պետք: Ռուսաստանը բազմիցս ցուցադրել է Եվրոպայում խաղաղարար եւ արդարության ու ազատության պաշտպանության սկզբունքները», -ասվում է փաստաթղթում:
«Ես հավատում եմ, որ կարող ենք մի քանի հազար ստորագրություն հավաքել», -ասել է Մարիուս Ֆոտիուն` հավելելով, որ Կիպրոսի թուրքական եւ հունական հատվածների միջեւ սահմանը գրեթե վերացված է, եւ ահաբեկիչները կարող են ժամանել թուրքական հատված եւ հեշտությամբ անցնել հունական մաս:
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռեւս չի մեկնաբանել տվյալ նախաձեռնությունը:
Ռուսաստանի քաղաքական հետազոտութունների ինստիտուտի ղեկավար Սերգեյ Մարկովը հիշեցրել է, որ նախաձեռնության հետ կապված ռուսական կողմի հետ նախագահ Անաստասիադիսի բանակցությունների մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ Կիպրոսը ցանկանում է մտնել ՆԱՏՕ:
Սանկտ-Պետերբուրգի օրենսդրական ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ պատրաստ է նման դիմում հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, եթե կիպրոսյան իշխանութունները պաշտպանեն ակտիվիստներին:
«Կիպրոսում Միջերկարական ծովի նավահանգիստներից մեկում ռազմաբազայի ստեղծումը կամ ռազմաօդային ուժերի կողմից օգնությունը ԻՊ-ի մարդասպանների ճանապարհին եղբայրական օգնության ակտ եւ լրացուցիչ պաշտպանական բաստիոն կհանդիսանա», -հայտարարել է Միլոնովը: