Թուրքիայում հայտարարվել է նոր կառավարության կազմը
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել կառավարության նոր կազմը, որը ձեւավորվել է նոյեմբերի 1-ին անցկացված կրկնական խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսկացության (ԱԶԿ) տարած հաղթանակից հետո:
Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը հաստատել է նոր կառավարության կազմը:
Նոր կառավարությունում Էրդողանը ԱԶԿ ցուցակով պատգամավոր ընտրված Բերաթ Ալբայրաքին, որը հանդիսանում է նրա փեսան, նշանակել է էկոնոմիկայի նախարար:
Էրդողանի եւս մեկ զինակից` Բինալի Յըլդըրըմը ստացել է տրանսպորտի նախարարի պաշտոնը:
Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիմշեքը նշանակվել է փոխվարչապետ, նա պետք է համակարգի տնտեսական հարցերը:
Մյովլուդ Չավուշօղլուն վերանշանակվել է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում:
Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը, որը հանդիսանում է ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության հիմնադրի որդին, եւ որը ի հակառակ իր կուսակցությանը մտել էր ժամանակավոր կառավարության կազմ, նշանակվելու է փոխվարչապետ:
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ը հավաքել էր ընտրողների ձայների 49,4 տոկոսը, ինչը խորհրդարանում նրան 316 պատգամավորական աթոռներ է ապահովել եւ թույլ տվել միակուսակցական կառավարություն ձեւավորել: