Ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցվել է Սիրիայում գտնվող օդակայան վերադառնալիս. ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՍիրիայի երկնքում ռուսական օդա-տիեզերական ուժերի Սու-24 ռմբակոծիչը խոցվել է Հմեյմիմում տեղակայված օդակայան վերադառնալիս:
Ինչպես տեղեկացնում է«ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանյան Սու-24 ռազմական ինքնաթիռը Հմեյմիմում գտնվող օդակայան վերադառնալիս խոցվել է թուրքական F-16 կործանիչով` Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում: Օբյեկտիվ կառավարման տվյալների վերլուծությունը միանշանակ ցույց է տվել, որ Թուրքիայի օդային տարածքի խախտում չի եղել»,- ասել են ռազմական գերատեսչությունում:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: