Թուրքիան երկար կզղջա ռուսական Սու-24-ը խոցելու համար. Քադիրով
ՄիջազգայինՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը գտնում է, որ Թուրքիան դեռ երկար կզղջա, որ խոցել է ռուսական Սու-24 ինքնաթիռը:
«Ես բացարձակ չեմ կասկածում, որ Թուրքիան շատ երկար կզղջա կատարածի համար: Այդպես չեն վարվում նրանք, ովքեր ամեն հնարավորության դեպքում խոսում են բարեկամության և համագործակցության մասին»,- Instagram-ի իր էջում գրել է Քադիրովը:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: