Օլանդը Փարիզում կբացի ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված համաշխարհային խորհրդաժողովը
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նոյեմբերի 30-ին ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 14:00-ին) կբացի ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխման հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովը (COP-21), տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Բացման արարողությունը տեղի կունենա Փարիզի Լե Բուրժե օդանավակայանի տարածքում, որն այս օրերին հայտարարված է ՄԱԿ-ի տարածք: Խորհրդաժողովի մասնակիցների թվում են աշխարհի պետությունների ու կառավարութ յունների 150-ից ավելի ղեկավարներ:
Նկատի առնելով զեկուցողների աննախադեպ թիվը՝ որոշվել է ելույթները միաժամանակ անցկացնել համալիրի միանգամից երկու սրահներում, որոնք ստացել են «Սենա» եւ «Լուար» անվանումները՝ ի պատիվ Ֆրանսիայի երկու գլխավոր գետերի: Հանդիպման սկզբում պատվիրակությունները մեկ րոպե լռությամբ կհարգեն նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների 130 զոհերի հիշատակը:
Գլոբալ համաժողովն աշխատելու է նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը: Սպասվում է, որ դրա արդյունքում կստորագրվի նոր միջազգային համաձայնագիր, որը կապահովի կլիմայական համակարգի բեռնվածության նվազեցմանն ուղղված միջազգային ջանքերի համախմբումը եւ 2020 թվականից հետո կփոխարինի Կիոտոյի արձանագրությանը: Փարիզի համաժողովի գլխավոր նպատակն է՝ պայմանավորվել այն միջոցառումների շուրջ, որոնք թույլ կտան մոլորակի ջերմաստիճանի աճը պահել ըստ Ցելսիուսի 2 աստիճանի սահմաններում:
Սպասվում է, որ Փարիզի համաժողովին կմասնակցեն քաղաքացիական հասարակության 14 հազար ներկայացուցիչներ: Այն լուսաբանելու հայտեր էին ներկայացրել շուրջ 6 հազար լրագրողներ, սակայն հավատարմագրվել է միայն 3 հազար մարդ, ինչը կազմակերպիչները բացատրում են տեխնիկական տեսանկյունից բոլոր ցանկացողներին ընդունելու անհնարինությամբ:
Խորհրդաժողովի շրջանակներում կքննարկվեն մշակույթի բնագավառի 65 նախագծեր, կանցկացվեն 227 այլ միջոցառումներ, 184 քննարկումներ ու կլոր սեղաններ: Ընդհանուր առմամբ խորհրդաժողովի ընթացքում նախատեսված է շուրջ 6 հազար իրադարձություն: COP-21-ի կազմակերպումն ու նախապատրաստումը նստել է 170 մլն եվրո:
Նոյեմբերի 29-ին ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ցուցարարներ բողոքի երթի Էին ելել՝ պահանջելով անհապաղ ու ավելի վճռական գործողություններ գլոբալ կլիմայի փոփոխումը կանգնեցնելու նպատակով:
Բուն Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել եւ ձերբակալել է բողոքի ակցիաների ավելի քան 200 մասնակիցների, որոնք խախտել են ցույցեր անցկացնելու արգելքը, որը սահմանվել է երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարված հարձակումներից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: