«Թշնամական երկրներն» ուժեղացրել են զինյալներին ցուցաբերվող աջակցությունը. Ասադ
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդականի՝ Ալի Աքբար Վելայաթիի հետ Դամասկոսում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «Սիրիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները» մեծացրել են զենքի մատակարարումները եւ ֆինանսական օժանդակությունը զինյալներին, ինչը կապված է ՌԴ-ի եւ Իրանի կողմից աջակցվող սիրիական բանակի հաջողությունների հետ:
«Ահաբեկչության դեմ մղվող պայքարում բարեկամների, նախ եւ առաջ Իրանի եւ ՌԴ-ի աջակցությամբ, սիրիական բանակի հաջողություններն արդեն դրդել են Սիրիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված մի քանի երկրների՝ սրելու իրադրությունը եւ ավելացնելու զինյալների ֆինանսավորումն ու նրանց զենքի մատակարարումները»,- Ասադի խոսքը մեջբերել է սիրիական SANA պետական գործակալությունը:
Նախագահն ընդգծել է, որ Սիրիան եւ նրա գործընկերները վճռականորեն կշարունակեն պայքարը ահաբեկչության բոլոր ձեւերի դեմ, քանզի վստահ են, որ դրա ոչնչացումը կդառնա տարածաշրջանի ու աշխարհի կայունության տանող գլխավոր քայլը, ինչպես նաեւ Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման դուռ կբացի:
Իր հերթին Վելայաթին բարձր է գնահատել Սիրիայի ժողովրդի արիությունը եւ խոստացել, որ Իրանը կշարունակի նրան աջակցել այս «բախտորոշ» դիմակայության մեջ:
Վելայաթին աշխատանքային այցով Դամասկոս է ժամանել նոյեմբերի 29-ին: Սիրիայի մայրաքաղաքում նա հանդիպումներ է անկացրել երկրի ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի եւ արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: