Թուրքիայում գեներալներին մեղադրել են ահաբեկչության մեջ
ՄիջազգայինԹուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկիչներին զենք փոխադրող բեռնատարներն Ադանայում կանգնեցնելու եւ ստուգելու «Ողջույն Թեհվիդ` գաղտնի» (այսպես կոչված` Երուսաղեմի բանակի ահաբեկչական կազմակերպություն) գործի հետաքննության շրջանակում կալանման մասին որոշում է ընդունվել Անկարայի ժանդարմերիայի տարածաշրջանային հրամանատար, դիվիզիայի գեներալ Իբրահիմ Այդընի, դիվիզիայի գեներալ Համզա Ջելեփօղլուի եւ պաշտոնաթող գնդապետ Բուրհանեթին Ջիհանգիրօղլուի նկատմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ ռազմական բարձրաստիճան հրամանատարներին առաջադրվել են զինված ահաբեկչական խմբավորում ձեւավորելու եւ ղեկավարելու, ինչպես նաեւ լրտեսության ու երկրի կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքներ:
Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանն այդ առնչությամբ ԶԼՄ-ներին հայտնել է, որ գեներալներ Իբրահիմ Այդընը, Համզա Ջելեփօղլուն եւ պաշտոնաթող գնդապետ Բուրհանեթին Ջիհանգիրօղլուն ձերբակալվել են այն բանից հետո, երբ նրանք Թուրքիայի MIT-ին պատկանող բեռնատարների զննության գործով հետաքննության շրջանակում կանչվել են Անկարայի դատարան:
MIT-ի կողմից բեռնատարներով Սիրիայում իրենց համակիրներին զենք ուղարկելու մասին տեղեկատվությունը թուրքական մամուլում հայտնվել էր դեռեւս ընթացիկ տարվա սկզբին: Թուրքիայի ղեկավարությունը սկզբում հերքել, հետո էլ հայտարարել է, թե դա ուղարկվել է Սիրիայում բնակվող իրենց թուրքմեն եղբայրներին` ինքնապաշտպանության նպատակով օգտագործելու համար, այնինչ` միջազգային մամուլը բազմիցս փաստեր էր հրապարակել Սիրիայում կռվող ահաբեկչական խմբավորումններին Թուրքիայի կողմից զենքով օգնելու մասին: