Ադրբեջանի մի շարք քաղաքներ հայտնվել են ԻՊ-ի վերաբերյալ The Soufan Group-ի զեկույցում
ՄիջազգայինThe Soufan Group հետախուզական կազմակերպության փորձագետների կողմից կազմված վերջին զեկույցում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում Իրաքում եւ Սիրիայում կռվող մարտիկների շարքում նշվում են նաեւ Ադրբեջանից ժամանած հարյուրավոր անձինք:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքը, զեկույցում ասվում է, որ ԻՊ-ի «տարածքում» ներկայում 86 երկրներից ժամանած 27 հազար մարտիկներ կան: Նշվում է, որ պաշտոնական տվյալներով` ԻՊ-ի շարքերում 104 ադրբեջանցիներ կան, ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվը 216 է: Նշվում է նաեւ, որ Սիրիայից եւ Իրաքից արդեն 49 մարտիկ վերադարձել է Ադրբեջան: Զեկույցում ընդգծվում է, որ ԻՊ-ի կազմում կռվելու համար Ադրբեջանի ց ժամանում են հիմնականում Սումգայիթ, Շաբրան, Գուսար քաղաքներից հավաքագրված քաղաքացիներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: