Ադրբեջանի մի շարք քաղաքներ հայտնվել են ԻՊ-ի վերաբերյալ The Soufan Group-ի զեկույցում
Международные новостиThe Soufan Group հետախուզական կազմակերպության փորձագետների կողմից կազմված վերջին զեկույցում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում Իրաքում եւ Սիրիայում կռվող մարտիկների շարքում նշվում են նաեւ Ադրբեջանից ժամանած հարյուրավոր անձինք:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքը, զեկույցում ասվում է, որ ԻՊ-ի «տարածքում» ներկայում 86 երկրներից ժամանած 27 հազար մարտիկներ կան: Նշվում է, որ պաշտոնական տվյալներով` ԻՊ-ի շարքերում 104 ադրբեջանցիներ կան, ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվը 216 է: Նշվում է նաեւ, որ Սիրիայից եւ Իրաքից արդեն 49 մարտիկ վերադարձել է Ադրբեջան: Զեկույցում ընդգծվում է, որ ԻՊ-ի կազմում կռվելու համար Ադրբեջանի ց ժամանում են հիմնականում Սումգայիթ, Շաբրան, Գուսար քաղաքներից հավաքագրված քաղաքացիներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: