Գիտնականները Զիկա վիրուսի դեմ պայքարի միջոց են գտել
Lifestylemed.news.am-ը գրում է.
Վոլբախիա մանրէն (լատ. Wolbachia) կարող է Զիկա վիրուսը փոխանցող մոծակներին զրկել այն տարածելու կարողությունից: Բրազիլական գիտնականներն առաջին անգամ այդ հիպոթեզն առաջ են քաշել 2015-ի դեկտեմբերին: Վերջին հետազոտությունը, ինչպես նաեւ մի շարք թեստեր, հաստատել են այդ ենթադրությունը: Հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Cell Host & Microbe-ում:
Փորձարկման համար Aedes aegypti մոծակների մի քանի խումբ են նախապատրաստել, որոնք հատուկ լաբորատորիայում էին աճեցվել, նրանց վարակել են Զիկա վիրուսով եւ վոլբախիա մանրէով, իսկ ազատության մեջ որսվածներին` միայն վիրուսով: Հետո նրանց տեղավորել են նույն տեսակի առողջ մոծակների մոտ` ստուգելու, թե արդյոք նրանք կվարակեն այդ խմբի առանձնյակներին` սննդի մեջ ընկնող թքի միջոցով: Արդյունքն ակնհայտ է եղել. չի եղել որեւէ մոծակ, որի օրգանիզմում վոլբախիա պարունակվեր եւ որը առողջ միջատի Զիկա վիրուս փոխանցեր:
Գիտնականները վստահ են, որ բնության մեջ ապրող մոծակների խաչասերումը մանրէով վարակված լաբորատոր առանձնյակների հետ արդյունքում Aedes aegypti-ների նոր, մարդու համար անվնաս սերունդ կտա, որովհետեւ վոլբախիան փոխանցվում է ժառանգական եղանակով:
Հետազոտության ղեկավար Լուսիանու Մորեյրան հավելել է, որ նույն եղանակով մանրէն ազդում է մոծակների վրա դենգե տենդի դեպքում, նշանակում է` մանրէով վարակված առանձնյակների միջոցով հնարավոր է վերահսկել այդ հիվանդությունների տարածումը:
Զիկա վիրուսը հատուկ վտանգ է ներկայացնում հղիների համար` նորածնի մոտ միկրոցեֆալիա առաջացնելով: Կարծիք կա նաեւ, որ այն կարող է մարդու մոտ Հիենա-Բարրեի համախտանիշի զարգացման պատճառ դառնալ, երբ ի հայտ է գալիս մարմնի մասնակի կաթվածահարություն, իսկ վատագույն սցենարի դեպքում` նաեւ շնչառական օրգանների: