ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ին ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ Հատուկ նշանակության գործողության ընթացքում «շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող»։
Պաշտպանության բանակը գործողության ընթացքում կորուստներ չի կրել: ՊԲ-ը դիմել է հատուկ գործողության' հաշվի առնելով ադրբեջանական կողմի հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ արդեն անդրադարձել են այս տեղեկությանը' ընդամենը նշելով, որ հայկական կողմը նման բան է հայտարարում: Ադրբեջանի ՊՆ-ն մի կողմից «հերքել է» այս լուրը, սակայն մյուս կողմից հայտնել է, որ «դեռ ճշտում են ինֆորմացիան»։
Անձնակազմի 3 անդամների ճակատագիրը մինչ օրս անհայտ էր, իսկ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների՝ օդաչուների մարմինները դուրս բերելու միջնորդությանը տալիս էր լկտի պատասխան՝ նշելով, որ դա կարվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարկ համարի»։