Թուրքիայում ընտրությունների շեմին հեռուստաալիքներում ընդդիմության առաջնորդին հետեւողների թիվը գերազանցում է Էրդողանին հետեւողների թվին
International newsԹուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին հեռուստաալիքներում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթներին հետեւողների թիվը զգալիորեն զիջում է ընդդիմության առաջնորդ` Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին հետեւողների թվից:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, նախորդ օրը Թուրքիայի հանրային հեռուստաալիքով` TRT1-ով, Էրդողանի ելույթին հեռուստադիտողների հետեւելու հարաբերակցությունը կազմել է 3.43, AB խմբում 5.59, ABC խմբում` 5.13, իսկ CNNTurk հեռուստաալիքում ԺՀԿ առաջնորդին` համապատասխանաբար 5.54, 9.27 եւ 7.30:
Չնայած դրան, կարծիքի հետազոտության ORC իշխանամետ կենտրոնը հայտնել է, որ 32 քաղաքներում 2760 մարդկանց միջեւ սեպտեմբերի 12-15-ին անցկացրած հարցումների տվյալներով` ընտրությունների 43 օր մանացած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրների թիվը կազմել է 44 տոկոս, ԺՀԿ-ի համակիրների թիվը` 27,8 տոկոս, Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) համակիրների թիվը` 13,4 տոկոս եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համակիրների թիվը` 11,4 տոկոս:
ORC-ի տվյալներով` ԱԶԿ-ը կարող է առաջիկա ընտրություններում ձեռք բերել միակոսւակցական կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ` 276 պատգամավորական աթոռներ:
Այդ ընթացքում քրդական ԺԴԿ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 1-ի ընտրություններում ակնկալում են, որ Թուրքիայի խորհրդարանում իրենց պատգամավորների թիվը 80-ից կդառնա 110: ԺԴԿ-ն նպատակադրվել է 110 պատգամավորի համար թեկնածուներ առաջադրել 35 ընտրատարածքներում:
«Ջումհուրիեթ»-ը գրում է, որ Թուրքիայում տիրող ներքաղաքական եւ տնտեսական քաոսի պատճառով իշխող ԱԶԿ-ը սկսել է կորցնել հեղինակությունը, ինչի մասին վկայում են հասարակական կարծիքի հետազոտության` SONAR եւ METROPOL կազմակերպությունների անցկացրած հարցումների տվյալները:
SONAR-ի կողմից սեպտեմբերի 5-12-ին Թուրքիայի 26 նահանգներում 3000 մարդկանց շրջանում անցկացված հարցումների տվյալներով` այն հարցին, թե եթե այսօր ընտրություններ տեղի ունենային, որ կուսակցության օգտին կքվերակեն, հարցման ենթարկվածների 38,2 տոկոսը նշել են ԱԶԿ-ը, 28 տոկոսը` Ժողվորդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), 18,2 տոկոսը` Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), 13,77 տոկոսը` քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ):
Հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում 40,66 տոկոս ձայներ հավաքած ԱԶԿ-ն այս ընթացքում 2,5 տոկոս համակիրներ է կորցրել: Դրան հակառակ` իրենց օգտին քվեներ տվողների թվով աճ են գրանցել ընդդիմադիր կուսակցությունները:
Նախորդ ընտրությունների համեմատ` 1 տոկոսով ավելացել են ԺԴԿ-ի համակիրների թիվը, 3 տոկոսով ` ԺՀԿ-ի եւ մոտ 2 տոկոսով` ԱՇԿ-ի օգտին քվեարկողների թիվը:
SONAR-ի տնօրեն Հաքան Բայրաքչըի խոսքով` եթե այդպես շարունակվի, ապա նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ին կհաջողվի ունենալ 232-240 պատգամավոր, ինչը բավարար չի լինի միակուսակցական իշխանություն հաստատելու համար:
Ըստ նրա` եթե ԺՀԿ-ին եւ ԱՇԿ-ին հաջողվի միասին 276 պատգամավորական աթոռ բզաղեցնել խորհրդարանում, ապա նրանք իրավունք ձեռք կբերեն երկկուսակցական կոալցիոն կառավարություն ձեւավորել:
Ուշագրավ է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակ չի կանխատեսվում նաեւ թուրքական Metropol հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների տվյալներով:
Սեպտեմբերի 2-5-ին 2540 մարդկանց շրջանում անցկացված տվյալներով` ԱԶԿ-ի ձայների կորուստը, նախորդ ընտրություններում ունեցածի համեմատ, կազմել է 0,3 տոկոս, իսկ ընդդիմադիր կուսակցություններն իրենց քվեներն ավելացրել են 1-3 տոկոսով: Հարցվածների 64 տոկոսը դժգոհություն են հայտնել ԱԶԿ-ի տնտեսական քաղաքականությունից:
Իրավիճակի նման շարունակման դեպքում չի բացառվում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի միակ ցանկությունը ԱԶԿ-ի միակուսակցական իշխանության հաստատումն է, երկրում տիրող ներքաղաքական քաոսի պատճառով արտակարգ իրավիճակ հայտարարի եւ այդ կերպ հետաձգի նոյեմբերի 1-ի ընտրությունները` հույս ունենալով, որ ժամանակ շահելով, ի վերջո իրեն կհաջողվի հասնել ԱԶԿ-ի միանձնյա իշխանությանը: