Սովորաբար հուլիս և օգոստոս ամիսներն այն ժամանակահատվածն են, երբ աշխատելու, առավել ևս, առավոտից երեկո աշխատելու համար տրամադրվածություն ու լուրջ խթաններ են անհրաժեշտ: Այս ամիսներին բոլորը ձգտում են պատսպարվել շոգից: Շոգն անտանելի է հատկապես ցերեկային ժամերին, երբ արևն ունի ամեն ինչ չորացնելու սկզբունքայնություն:
Ամեն օր ցուցադրվող եղանակի տեսությունը գրեթե անփոփոխ ջերմաստիճանով, արդեն կորցրել է իր հետաքրքրությունը: Մարդիկ առանց երանի տալու չեն կարողանում խոսել անցյալ տարվա նույն ժամանակահատվածից: Ֆուտբոլային ամիսն էլ հակառակի նման ավարտվեց՝ առավել սրելով տապի զգացողությունը: Վարդավառն էլ փրկություն չէր, այսինքն` ժամանակավոր զովություն բերեց ու գոլորշիացավ:
Շոգից փախչելու միջոցը` արձակուրդ վերցնելն ու քաղաքից դուրս մի վայրում հանգստանալը, ամենաօպտիմալ լուծումից կամաց մոտենում է անհնարինության եզրագծին: Այսօր մեր երկրի հանգստյան տներում սահմանված գնացուցակով մոտավորապես շոշափելի է դառնում անհնարինություն ասածը:
Միջին եկամուտների տեր քաղաքացիները չեն էլ փորձում մտածել, որ հնարավոր է իրենց հանգիստը կազմակերպել լիարժեքության սահմաններում: Ընտանիքով հանգստի մասին մոռանալն ավելի հեշտ է, քան հիշելը: Վերջին տարիներին ստեղծված հայտնի անեկդոտ կա, երբ որդին հորը հարցնում է, թե այս տարի էլ Փարիզ չեն գնալու, իսկ հայրը պատասխանում է. «Այդ անցյալ տարի էր, որ Փարիզ չգնացինք, այս տարի Վենետիկ չենք գնալու»…
Անգամ քաղաքից դուրս գտնվող ամեն ծառ ու թուփ ունի տնօրեն, ով «նայիչի» տեսքով հայտնվում է մարդկանց ու պահանջում այնքան գումար, որքան այդ պահին ցանկանում է նրա բարի օրգանը` սիրտը…
Ինչևէ, հանգստի սեզոնը բացվել է: Դեռ չգիտենք, թե ինչպես կկազմակերպենք մեր հանգիստը, բայց միակ հնարավոր և անդավաճան տարբերակը հայրենի գյուղն է: Հարազատ վայր, ուր քեզ բոլորը սպասում են: Հավաքենք ճամպրուկները` դեպի գյուղ….
Գրում է Արթուր Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում