Ծաղկաձորում ավարտվեց «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցը, որի նպատակն է հեռավար հարթակում առցանց դասընթացների գործնական կառուցումը, հեռավար դասընթացների տեսագրությունների նկարահանումը և մոնտաժը, տեսականֆերանսների ինտեգրումը հեռավար դասընթացներում և այլն: Ամառային դպրոցում տեսական և գործնական դասախոսությունների միջոցով հեռավար կրթության կազմակերպման հմտություններին ծանոթացան ԲՈւՀ-երի և հատկապես ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոսները: Նրանք պատրաստում են բավականին հետաքրքիր և պահանջված առարկաներ հասարակության լայն շերտերի համար: Շարունակական կրթության համատեքստում այս տարվանից Գիտակրթական միջազգային կենտրոնում կգործեն մոտ 20 հեռավար ծրագրեր, որոնց թվում են՝ «Հանրային կապեր», «Մարքեթինգ», «Հասարակական կազմակերպությունների կառավարում», «Business English», «Basic English» և այլն:
Orer.am-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանին հարց ուղղեց՝ աստիճանաբար ՀՀ-ում կրթությունը դառնում է ֆինանսապես պակաս շահավետ, հնարավո՞ր է, որ հեռավար կրթությունը ծառայի որպես առավել մատչելի այլընտրանք, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Այդպիսի հույս կա: Բանը նրանում է, որ երբ ՀՀ-ն ստորագրեց կրթական համակարգի բարեփոխման Բոլոնյան համաձայնագիրը՝ որոշակի պարտավորություններ ստանձնեց՝ կապված շարունակական կրթության ապահովման հետ, որի ձևերից մեկը հեռավար կրթությունն է: Մենք, ըստ էության, այս դրամաշնորհի շրջանակներում այդ խնդիրն ենք լուծում: Իհարկե, այս փուլում հեռավար կրթությունը մենք իրականացնում ենք անվճար, և չի բացառվում, որ հետագայում մարդկանց որոշակի խմբեր ցանկություն ունենան հեռավար կրթություն ստանալու Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ վճարովի հիմունքներով»: Պարոն Սարգսյանը ընդգծեց, որ այս պահին հեռավար կրթության միջոցով ուսուցանվում են այն մասնագիտությունները, որոնք, ըստ մոնիտորինգի արդյունքների, առավել մեծ պահանջարկ են ունեցել հասարակության մոտ: Մեր հարցին՝ արդյո՞ք ԳԿՄԿ-ն ունի մասնագիտական և տեխնիկական ամբողջ ներուժը՝ Հայաստանում հեռավար կրթությունը զարգացնելու համար, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Այսօր արդեն տարածքային և տեխնիկական խնդիրները լուծված են: Իսկ ինչ վերաբերվում է մասնագիտական ներուժին՝ իհարկե, և Գիտությունների ազգային ակադեմիան, և հանրապետության մյուս առաջատար գիտական կենտրոնները ունեն լիակատար մասնագիտական ներուժ՝ զարգացնելու համար հեռավար կրթությունը Հայաստանում»: Պարոն Սարգսյանը նշեց նաև, որ ի տարբերություն նոր սերնդի դասախոսների՝ առավել տարեցները որոշ դեպքերում դժվարությամբ են յուրացնում նոր տեխնոլոգիաների նրբությունները, սակայն այդ խնդիրները լուծվում են շնորհիվ այն լավագույն մասնագետների, ովքեր աշխատում են Գիտակրթական միջազգային կենտրոնում: