Սկզբի համար կարելի է ընդօրինակել ԵՄ-ի փորձը և սև ու մոխրագույն ցուցակներ կազմել
PoliticsՄեր զրուցակիցն է էներգետիկ ոլորտի փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանը
Կա տեսակետ, որ իշխանափոխության հետևանքով կապիտալի արտահոսք կարող է տեղի ունենալ: Ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ այդ արտահոսքը տեղի չունենա:
Հայաստանում կապիտալի արտահոսքը 90-ականներից ի վեր տնտեսության առանցքային բնորոշիչներից է: Ավելին, արտահոսքը միշտ գերազանցել է ներհոսքը: Ըստ Tax Justice Network կազմակերպության տվյալների՝ 1994-2010 թվականների ընթացքում կապիտալի արտահոսքը դեպի տարատեսակ օֆշորներ կազմել է մոտ 2,2 մլրդ դոլար, ինչը կարող էր ծածկել պետության արտաքին պարտքի մոտ 30-35 տոկոսը: Սակայն միայն 2017 թվականի ընթացքում երկրից կապիտալի արտահոսք է արձանագրվել շուրջ 1 մլրդ դոլարի չափով: Այսինքն՝ սա տենդենց է, որը խորը արմատներ է թողել մեր տնտեսության մեջ: Չեմ կարծում, որ նոր իշխանությունները ակնթարթորեն կկարողանան լուծել այս բարդագույն խնդիրը, բայց որոշ ավտորիտար մեթոդների կիրառման արդյունքում հնարավոր կլինի այս միտումը կասեցնել: Եվ այստեղ պետք չէ վախենալ «ավտորիտար» սահմանումից: Չմոռանանք, որ ի վերջո տնտեսական ավտորիտարիզմի գործիքների կիրառման միջոցով է հնարավոր դարձել տնտեսական հրաշք ապահովել նույն Սինգապուրում: Էլ չեմ խոսում իսրայելական կամ չիլիական տնտեսական հրաշքների մասին:
Պետք է հասկանանք, որ շուկան ազատականացնելով՝ լիբերալ տնտեսական քաղաքականություն վարելով և անգամ խոշոր կապիտալի համար հարմարավետ պայմաններ ստեղծելով՝ այսօր հնարավոր չէ արմատապես փոխել իրավիճակը, քանի որ կապիտալը միևնույն է՝ ձգտելու է հայտնվել ավելի կայուն ու սուպերեկամտաբեր օֆշորային գոտիներում: Հետևաբար, անհրաժեշտ են սահմանափակումներ: Սկզբի համար կարելի է ընդօրինակել ԵՄ-ի փորձը և կառավարության մակարդակով օֆշորային գոտիների սև և մոխրագույն ցուցակներ կազմել:
Հանրությունը մեծ սպասումներ ունի Փաշինյանից և իր կառավարությունից եւ սպասում է արագ արդյունքներ: Այս առումով որքանո՞վ է իրական հակահեղափոխության վտանգը:
Հակահեղափոխության լուրջ միտումեր դեռ չեմ նկատում, քանի որ գոնե այսօր չեմ տեսնում այն հակահեղափոխական մոբիլիզացված ուժը, որը պատրաստ է ձեռնոց նետել նոր իշխանությանը: Կարծում եմ, որ ցանկացած հեղափոխություն երկարատև գործընթաց է, այն տարիների աշխատանք է պահանջում՝ որպես լիարժեք հեղափոխություն ընկալվելու համար: Առավել ևս դա վերաբերում է ոչ ավանդական, թավշյա հողափոխություններին: Այս իմաստով պետք չէ Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմակիցներից ակնթարթային արդյունքներ ակնկալել: Իհարկե, ժամանակի ընթացքում դժգոհության աստիճանը բարձրանալու է, քանի որ երկրում առկա է անապահով մարդկանց մի հսկայական զանգված, որի համար սպասելն այլևս անհնար է: Քաղաքական կապիտալը չկորցնելու նպատակով Փաշինյանին անհրաժեշտ է շարունակել ներկայում առկա անկեղծ երկխոսությունը հասարակության հետ՝ կլինի դա լայվերի, թե այլ ձևաչափով:
Մյուս կողմից, իհարկե, գոնե մոտ ապագայում վարչապետին անհրաժեշտ է գնալ մի քանի բացարձակ սոցիալակենտրոն քայլերի՝ իր հանդեպ եղած հասարակական համակրանքը պահպանելու նպատակով: