Մեղրիից մինչև Վարդենիս արտագաղթելու վտանգ կա. Արտակ Մարկոսյան
PoliticsՓետրվարի 1-ից բացվել է հայ-ռուսական սահմանը, որը բավական հակասական տրամադրություններ է առաջացրել հասարակության շրջանում: Փորձագետների մի մասը կարծում են, որ պատերազմից հետո աննախադեպ արտագաղթ կլինի, մյուսների կարծիքով՝ սահմանի բացումն առանձնապես անհանգստանալու առիթ չի կարող լինել:
Ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը համոզված է, որ սկզբնական շրջանում հոսքը մեծ կլինի, սակայն դա պայմանավորված է ոչ թե աննախադեպ արտագաղթով, այլ՝ COVID-ի պատճառով մոտ մեկ տարի երկրից դուրս գալու արգելքը վերացնելու հետ:
«Պետք է հաշվի առնել, որ Ռուսատանում տեղի ունեցած լոգդաունի ժամանակ բավականին մեծ հոսք եղավ դեպի Հայաստան և ճանապարհները փակվելու պատճառով այդ մարդիկ չկարողացան հետ վերադառնալ: Նրանք հիմնականում երկարատև ժամանակով աշխատանքային միգրանտներ էին, որոնք չունեին ՌԴ քաղաքացիություն: Եվ, փաստորեն, նրանք 8-9 ամիս է չեն կարողացել մեկնել Ռուաստան, բայց հիմա արդեն նման հնարավորություն է ստեղծվել: Եթե այս ամենին ավելացնենք սեզոնային միգրանտներին, ապա կստանանք այն պատկերը, որը կա հիմա:
Այսինքն, այստեղ որևէ սենսացիա չկա, այլ խոսքը ժամանակավոր միգրացիայի մասին է, որը մշտապես եղել է»,- ասաց Ա. Մարկոսյանը:
Խոսելով արտագաղթի տեմպերի ավելացման մասին, նա նշեց, որ անցած 25 տարիների ընթացքում արտագաղթի ամենամեծ հոսքը եղել է 90-ականների սկզբին, երբ սպասումները բավականին ցածր էին: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք արցախյան երկորդ պատերազմի հետևանքով կրկին չեն նվազել սպասումները, որը կարող է մեծացնել արտագաղթել ցանկացողների թիվը, Ա.Մարկոսյանն ասաց.
«Պատերազմի ազդեցությունը գնահատելու համար դեռևս ուսումնասիրություն չկա, բայց կանխատեսելի է, որ սահմանամերձ գյուղերից կարող է արտագաղթել ցանկացողների թիվն ավելանալ: Ու թեև մինչ պատերազմն էլ սահմանամերձ և այլ բնակավարերից արտագաղթ եղել է, սակայն այդ թիվը կարող է աճել: Մեղրիից մինչև Վարդենիս նման վտանգ կա և պետք է շատ արագ վերլուծել, թե ինչ է հարկավոր անել սպասվող արտագաղթը կանխելու համար»:
Արմինե Գրիգորյան