Իսպանակա՞ն, պորտուգալակա՞ն, թե՞ իտալական.բացառիկ խմիչք, որ հարմար չէ երկարատև հնեցման. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Միանգամից ասենք, որ «Վերմենտինոն» մեկ գինի չէ, ինչպես կարծում են շատերիը, այլ գինիների մի ամբողջ ընտանիք, որն արտադրվում է այդ անունը կրող հին ոսկեգույն խաղողի տեսակից։
Կարծիք կա, որ «Վերմենտինոն» Իտալիա է եկել Իսպանիայից կամ Պորտուգալիայից։ Առաջինը ավելի հավանական է թվում, քանի որ Սարդինիան 1324-ից 1720 թվականներին գտնվել է Արագոնյան տիրապետության տակ, և իսպանացիները կարող էին այդ տեսակը բերել իրենց հայրենիքից։ Սակայն «Վերմենտինոն» այլևս չի աճեցվում Իսպանիայում, ուստի այդ տեսությունը շատերի կողմից կասկածի տակ է դրվում։ Անկախ դրանից, այդ քաղցր խաղողը արագ է տարածվել ամբողջ տաք Իտալիայում, ապա հարավային Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում, որտեղ այն դարեր շարունակ աճեցվել է տարբեր անուններով։ «Վերմենտինոն» այժմ աճեցվում է ոչ միայն շատ եվրոպական գինեգործական շրջաններում, այլ նաև Կալիֆորնիայում և Ավստրալիայում։ Հարավային Ռուսաստանում այդ որթատունկն օգտագործվում է ոչ միայն գինու համար, այլ նաև որպես սեղանի խաղող։
Վերը թվարկված բոլոր շրջաններից Սարդինիան ամենահարմարն է «Վերմենտինոյի» համար։ Նրա տաք կլիման և աղքատ հողերը հիանալի համապատասխանում են դրան։ Հենց այդ կղզում է արտադրվում «Վերմենտինո» անունը կրող իտալական գինիների մոտ 75 %-ը։ Այդ շրջանն այժմ ունի DOC կարգավիճակ։ Լավագույն գինիները համարվում են Գալուրայում արտադրվածները, որոնք 20-րդ դարի վերջին արժանացել են DOCG-ի ամենաբարձր դասակարգմանը: Կղզու հյուսիսարևել յան մասը՝ Գալուրան, ունի համեմատաբար կոշտ բնական պայմաններ: Այնտեղ որթատունկերը ծաղկում են ավազի բարակ շերտով ծածկված գրանիտի վրա և դիմանում են ցերեկային շոգին, որը նպաստում է հատապտուղների շաքարով հարստացմանը, ինչպես նաև օգտակար են զով գիշերները, որոնք կանխում են խաղողի գերհասունացումը։
«Վերմենտինոյի» մեկ այլ շրջան է Լիգուրիան, որը գտնվում է Ֆրանսիայի և Պիեմոնտի միջև: Այն ևս բնութագրվում է տաք, չոր կլիմայով և աղքատ հողերով: Այնտեղ մոտ 5500 հեկտար խաղողի այգիներ կան: Եվ «Վերմենտինո» խաղողը հենց այն է, ինչ հնարավոր է աճեցնել ժայռերում և բլուրներում. որոշ տնկարկներ գտնվում են այնպիսի զառիթափ լանջերին, որ այնտեղ աշխատելը բավականին դժվար է նրանց համար, ովքեր ծանոթ չեն տարածքին: Այստեղ արտադրվում է ոչ միայն մաքուր «Վերմենտինո», այլ նաև խառնուրդներ, բայց եթե պիտակի վրա գրված է «Վերմենտինո», ապա դա նշանակում է, որ այդ խաղողը խառնուրդում առնվազն 90 % է: Ի դեպ, լիգուրյան գինիները, ի տարբերություն սարդինյանների, ավելի ինտենսիվ են և ունեն ցիտրուսային երանգներ։ «Վերմենտինո» ոսկեգույն խաղողը նաև աճեցվում է Տոսկանայում, հիմնականում՝ Մարեմմայում և Բոլգերիում: Հետաքրքիր է, որ Տոսկանայի այլ սպիտակ գինիները հեշտությամբ են կորցնում բալանսն ու թթվայնությունը, բայց «Վերմենտինոն» այդ թերությունը չունի, չնայած գինեգործները դեռ ստիպված են դիմել որոշակի հնարքների՝ վաղ առավոտյան, մինչև շոգը սկսվելը, սառը խմորման միջոցով և կաղնե տակառներում նվազագույն հնեցմամբ:
«Վերմենտինոյի» ոչ մի գինի հարմար չէ երկարատև հնեցման համար, բայց այդ թարմացնող, թեթև ըմպելիքները՝ հրաշալի մրգային բույրով, շատ են տարածված ամբողջ աշխարհում և հիանալի համադրվում են նախուտեստների, ծովամթերքի և ձկան հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում