Հուսով եմ՝ Լոնդոնը կշարունակի Երևանի հետ համագործակցությունը. Մեծ Բրիտանիայի դեսպան
Международные новостиՀայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը հույս ունի, որ իր երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարությունը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ: «Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որ կատարել եմ վերջին երեք տարվա ընթացքում, կշարունակվի: Ես արել եմ այն, ինչ կարող էի: Մեր հիմնական նպատակն էր զարգացնել հարաբերությունները, այցելություններ կազմակերպել, և ես հույս ունեմ, որ Լոնդոնը կշարունակի Երևանի հետ համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Դեսպանը նշեց, որ Պահպանողական կուսակցության վերընտրվելուց հետո երկրում փոփոխությունները կշարունակվեն:
«Պահպանողականները մի շարք առաջնահերթություններ ունեն: Կան ծրագրեր և դրանցից մեկն էլ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումն է, և մենք կարծում ենք, որ այդ հանրաքվեն կանցկացվի 2017 թվականին»,- ասաց դեսպանը:
Հարցին, արդյո՞ք Ֆրանսիայի նախագահ Օլանդի հրավերն ու հարցի առնչությամբ քննարկման անցկացումը կստիպեն վարչապետին փոխել իր մտադրությունը, դեսպանն ասաց, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը լուրջ բանավեճերի առիթ է իր երկրում, և վարչապետը հայտարարել է, որ կընդունի այն որոշումը, որը կցանկանա ժողովրդի մեծամասնությունը:
Մայիսի 7-ին Միացյալ թագավորությունում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում իշխող Պահպանողական կուսակցությունը ստացել է առավելագույն քվե: Երկրի վարչապետ, կուսակցության առաջնորդ Դևվիդ Քեմերոնը հայտարարել է, որ կուսակցության առաջնահերթություններից է, որ Միացյալ Թագավորությունը դուրս գա Եվրամիության կազմից: Քեմերոնը հայտարարել է, որ եթե իրենք հաղթեն ընտրություններում, ապա ամենայն հավանականությամբ 2017թ. կանցկացնեն ԵՄ-ի դուրս գալու առնչությամբ հանրաքվե: Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավոր ելով Քեմերոնին նրան հրավիրել է Փարիզ' քննարկելու ինչպես միջազգային հարցեր, այնպես էլ ԵՄ-ից դուրս գալու հարցը: