Ադրբեջանական իշխանական կայքը մեղադրում է ՊՆ-ին բանակում կորուստները թաքցնելու համար
Международные новостиԱդրբեջանում անգամ իշխանունների խոսափող հանդիսացող կայքը մեղադրում է Պաշտպանության նախարարությանը բանակում կորուստները թաքցնելու համար: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության չինովնիկներն իրենց ամբողջ ուժերն ուղղել են ապացուցելու, որ առաջնագծում վերջին մարտական բախումներում ադրբեջանական կողմը զոհեր չի ունեցել: Պետք է զարմացնենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատասենյակներում լավ հարմար տեղավորված չինովնիկներին այն հանրահայտ ճշմարտությամբ, որ պատերազմներն առանց զոհերի չեն լինում, եւ այդպիսի բան համաշխարհային պրակտիկայում գոյություն չունի»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է haqqin.az լրատվական կայքը` նշելով, որ «գնդակը ՊՆ-ում նստած չինովնիկներից թույլտվություն չի խնդրում զինվոր սպանելու համար»:
Ադրբեջանական կայքը մեղադրում է ՊՆ-ին եւ նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին բանակում կորուստները թաքցնելու համար` քննադատելով նրանց այն տրամաբանությունը, թե իրենց մղած պատերազմում զոհեր չեն լինում:
«Ադրբեջանի ՊՆ չինովնիկներն իրենց բոլոր ջանքերն ուղղել են այն բանին, որպեսզի ապացուցեն հակառակը: Նրանք հայտարարում են, թե վերջին մարտական գործողություններում առաջնագծում ադրբեջանական կողմը զոհեր չի ունեցել», -գրում է կայքը` հեգնանքով շարունակելով, թե Ադրբեջանի ՊՆ-ը հավանաբար փորձում է ադրբեջանական զինվորներին ներկայացնել որպես «հեքիաթային անմահ ռազմիկների, որոնց գնդակ չի դիպչում», եւ ծաղրանքով առաջարկում միավորել Ադրբեջանի ՊՆ-ն ու Գրողների միությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավար նշանակելով գրող-ֆանտաստի, որը ոչ մի պատկերացում չունի այն մասին, թե ինչ է պատերազմը եւ ինչ է տեղի ունենում այդ ժամանակ:
Կայքը մեղադրում է Ադրբեջանի ՊՆ-ին զոհվող զինվորների հիշատակն անարգելու մեջ եւս:
«Զինվորի մահը թաքցնելն անարգանք է յուրաքանչյուր շեհիդի հիշատակի նկատմամբ: Միեւնույն է` ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու, իսկ նստվածքը մնալու է», -նշում է կայքը:
Որպես օրինակ բերվում է օրերս ենթասպա Ռուսլան Աղաեւի զոհվելը ՊՆ կողմից թաքցվելը, որի ընտանիքին facebook-ի իր էջում ցավակցություն էր հայտնել Ադրբեջանի իշխող վերնախավի մերձավոր պատգամավոր Գանիրա Փաշաեւան:
«Պատկերացնել կարելի է, թե ինչպիսին կլինի զոհված ենթասպա Ռուսլանի հարազատների եւ մերձավորների արձագանքը, երբ նրանք իմանան, որ ՊՆ-ը եւ նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները շարունակում են ստել` ժխտելով նրա մահը», -գրում է կայքը:
Կայքը նաեւ ամոթանք է տվել «իրենց առանձնասենյակներում նստած ՊՆ չինովնիկներին, որոնք արդեն վաղուց պատերազմում են ոչ թե իրական հակառակորդի, այլ ճշմարտության դեմ»:
Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ռուսլան Գալիբ օղլու Աղաեւը զինծառայության էր կանչվել Լերիքի շրջանից, ծառայել էր Ղազախում եւ մարտական բախումներում սպանվել է 2015 թվականի սեպտեմբերի սկզբին:
Ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուի տվյալներով` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում նվազագույնը 50 կորուստ է գրանցվել:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են ընդամենը 18 զինծառայողների մահը:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ադրբեջանական սոցցանցերում հրապարակումների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 101 զինծառայող եւ 54-ից ավելի վիրավոր: