Միգրացիոն ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին սիրաշահել Թուրքիային
Международные новости2015 թ. հունիսից միջազգային լայն հնչեղություն ձեռք բերած միգրացիոն ճգնաժամի պատճառով Եվրամիության ներսում խժդժություններ են տեղի ունենում: Միգրանտների թիվը գնալով ավելանում է, իսկ սրան զուգահեռ՝ ավելանում են սոցիալ-տնտեսական լարվածությունն ու ահաբեկչությունների թիվը: Այս պարագայում ԵՄ անդամ պետությունների մոտ վախի զգացում է առաջ գալիս՝ չէ՞ որ նրանց ընդունելով՝ տուժում է սեփական երկրի անվտանգությունն ու անդորրը:
Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալների՝ 2015 թ. ընթացքում Եվրոպա ներթափանցած միգրանտների թիվը հասել է 1,011,700 -ի: ԵՄ արտաքին սահմանային ուժերի՝ FRONTEX-ի տվյալներով, այդ թիվը գերազանցել է 1,500,000-ը: Տվյալները ներառում են ծովով և ցամաքով ժամանումները դեպի Եվրոպա՝ Հունաստանի, Բուլղարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մալթայի և Կիպրոսի սահմաններով:
Խնդիրը կայանում է նրանում, որ ոչ բոլոր ԵՄ պետություններն են պատրաստակամ և բաց՝ ընդունելու մահմեդական միգրանտներին: Մի քանի երկրներ անգամ փակեցին իրենց սահմանը, մի քանիսն իրենց հերթին նախապայման դրեցին, որ կընդունեն միայն Սիրիայի քրիստոնյա փախստականներին: Ավելին, փախստականները Սլովակիայի, Լեհաստանի, Բուլղարիայի կամ Ռումինիայի փոխարեն ձգտում են Արևմուտքի և հյուսիսային եվրոպայի հարուստ երկրներ: Ու թեև ԵՄ նախարարները 2015 թ. սեպտեմբերին որոշում կայացրեցին միգրանտներին ԵՄ 28 պետություններում տեղաբաշխելու ուղղությամբ, սակայն սայլը դանդաղ է տեղից շարժվում և դժվար է պատկերացնել, որ Եվրոպան կկարողանա կարճ ժամանակահատվածում լուծել միգրանտների տեղավորման խնդիրն ու կրճատել նոր հոսքերի ծավալը: Այդ նպատակով կողմերը համաձայնության եկան ավելացնել Թուրքիային և հարակից երկրներին տրամադրվող օգնության չափը՝ միգրանտների հոսքն իրենց սահմաններից դեպի Եվրոպա կրճատելու համար:
Այս տարվա փետրվարի 3-ին ԵՄ պետությունները հաստատեցին 3 միլիարդ եվրոյի չափով Թուրքիային գումար հատկացնելու որոշումը: Անկարան պարտավորվում է գումարն օգտագործել փախստականների վիճակը բարելավելու և նրանց միգրացիան դեպի Եվրոպա կրճատելու ուղղությամբ:
Եվրախորհրդարանականները դեմ են արտահայտվել Թուրքիային ֆինանսավորելուն: Ֆրանսիական «Ազգերի և ազատությունների Եվրոպա» խմբակցության անդամ Սոֆի Մոնտելը անպատասխանատու քայլ է համարել մի պետության ֆինանսավորումը, որը գաղտնի խաղ է վարում Իսլամական Պետության հետ: Իր հերթին, Բուլղարիան ներկայացնող Նիկոլայ Բարեկովը մեղադրեց ԵՄ-ին, որ իրենք չափազանց մեծ ընդառաջումների են գնում Էրդողանի ռեժիմի նկատմամբ, որը նավթ է գնում ԻՊ-ից:
Տրամադրվող 3 միլիարդ եվրոյի հետ մեկտեղ վերսկսում է Թուրքիայի՝ Միության կազմում ընդգրկման և նրա քաղաքացիներին շենգեն վիզայից ազատելու գործընթացը:
Ինչու՞ է պաշտոնական Բրյուսելը գիտակցաբար գնում Թուրքիային սիրաշահելու քաղաքականությանը: Եթե Թուրքիան, որն արդեն հյուրընկալում է 2,5 միլիոն փախստական այսօր, հայտարարի, որ այլևս չի կարող ընդունել և պահել այդքան թվով փախստականների, Բրյուսելը կհայտնվի անելանելի վիճակում: Վերջինս ստիպված կլինի ընդունել շատ ավելի մեծ թվով միգրանտներ, քան նախորդ տարի: Իսկ Թուրքիան մեկ անգամ արդեն ապացուցել է, որ կարող է հեղեղել Եվրոպան փախստականներով, չէ՞ որ «միգրացիոն ճգնաժամը» սկսվեց, երբ այն բացեց իր սահմանը:
Վալյա Մարտիրոսյան