Սովորաբար ընդդիմությունը պետք է իմանա, թե ինչ է ուզում կամ ում է ուզում, ինչի դեմ, կամ գոնե ում դեմ է պայքարում: Դատելով մեր ընդդիմության հատկապես վերջին օրերի քայլերից ավելի եմ ամրապնդվում այն համոզմունքի մեջ, որ մեր ընդդիմության մոտ անոմալիա է, նրանք վերընշվածներից ոչինչ չգիտեն, այլ գիտեն միայն մի բան, թե հանուն ում են պայքարում: Եվ այդ երջանիկ մարդը, ում հանդեպ սիրուց վառվելով մեր ընդդիմությունը կորցրել է իր քունը, ոչ այլ ոք է, քան վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սա ես չեմ ասում, այլ իրենք՝ ընդդիմադիրներն են ասում: Նայե՛ք. օրեր առաջ հայ քաղաքական մտքի ռահվիրա, ժառանգական Ռուբեն Հակոբյանը հանրությանը ներկայացրել է իր մտքի արգասիքը հետևյալ տեսքով՝ «Հիմա ով պահանջի վարչապետի հրաժարականը, նշանակում է՝ նա չի հասկանում, թե Հայաստանում ինչ պետական համակարգ է»:
Պատկերացնում եք, չէ՞, թե որքան անհասկացող ենք մենք, նույնիսկ չգիտենք, թե ինչ է Հայաստանի պետական համակարգը, իսկ Հակոբյանը գիտի, նա ամեն ինչ գիտի. վարչապետին ոչ մի դեպքում փոխել չի կարելի, իհարկե, եթե վարչապետը Հովիկ Աբրահամյանն է: Օրինակ, երբ Տիգրան Սարգսյանն էր, փոխել կարելի էր, նույնիսկ անհրաժեշտ էր, և նույն Ռուբեն Հակոբյանն իր նման մտքի տիտանների հետ ջանք չէր խնայում այդ ուղղությամբ, չլինելով իրավաբան՝ դարձել էր դատախազ և մեղադրանքներ էր, որ ներկայցնում էր նախկին վարչապետին: Վարչապետը փոխվեց, եկավ նորը, որը չկարողացավ փոխել իրավիճակը, կարելի է ասել՝ ոչինչ չարեց բացի իր մի քանի բարեկամներին աշխատանքի տեղավորելուց: Այսպիսով, ոչինչ չփոխվեց, փոխվեց միայն մի բան՝ Ռուբեն Հակոբյանի և իր նման հանճարների դերը՝ նրանք այլևս դատախազ չեն, այլ դարձել են դատապաշտպան, Հովիկ Աբրահամյանի փաստաբան:
Հովիկ Աբրահամյանի մեկ այլ փաստաբան, արդեն նախկին երիտասարդ և մտքի գիգանտ ՀԱԿ-ական Լևոն Զուրաբյանն արդեն հանրահավաքի ժամանակ ավելի զարգացրեց իր ժառանգական գործընկերոջ միտքը: Սա արդեն մեկնաբանել պետք չէ, սա պարզապես նայել է պետք, կարդալ՝ «Եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, նրան փոխարինելու է Լիսկան»....Եվ սա ասվել է մի այնպիսի տոնով ու ձայնով, կարծես թե ինքը առնվազն Ուիլյամ Վոլոսն է, որը մեզ առաջնորդելու է դեպի փրկություն և հանուն ազատության պատրաստ է զրկվել նույնիսկ իր գլխից: «Այսօր այս հրապարակից Հայաստանում սկսվում է ազատական հեղափոխություն»,- ասում է մեր հեղափոխական գիգանտը և տպավորություն է ստեղծվում, որ հիմա Դանկոյի նման կպատռի կուրծքը, կհանի իր սիրտը և կառաջնորդի մարդկանց դեպի փրկություն, բայց մի պայմանով՝ Հովիկ Աբրահամյանը պետք է մնա: Ինչու՞: Որովհետև եթե նա չլինի, կլինի Լիսկան: Վերջացավ: Հանճարեղ է: Բրավո:
Եվ վերջապես, Հովիկ Աբրահամյանի փաստաբանների «Սուրբ երրորդությունն» ամբողջացրեց ԲՀԿ-ի ներկայացուցիչը՝ Վարդան Օսկանյանը, ով իր մտքի փայլատակումներով «ոյեվէ» կերպով չցանկացավ զիջել իր գործընկերներին: «Անիմաստ է վարչապետի հրաժարականը պահանջել, համակարգն է պրոբլեմը»,- ասաց դեռ ոչ հեռավոր անցյալում այդ նույն համակարգի կարկառուն ներկայացուցիչը հանրահավաքի ժամանակ՝ իր ներկայությամբ միաժամանակ լռեցնելով մի հարց, որը միշտ օրակարգային էր ընդդիմության մոտ՝ մարտի 1-ը: Իսկ վերջին հանրահավաքում տպավորություն էր, որ մարտի 1 ընդհանրապես չի էլ եղել: Եվ պատճառը պարզից էլ պարզ էր՝ ախր ինչպե՞ս կարող էին նման հարց բարձրացնել՝ կանգնելով նույն հարթակում մի մարդու հետ, ով մարտի 1-ի ոճրագործությունն արդարացնողներից էր:
Ինչևէ, Հովիկ Աբրահամյանի փաստաբաններն աշխատում են եռանդով, նույնիսկ այն աստիճան, որ նրանց աշխատանքից, միգուցե նաև Աբովյանում գտնվելու փաստից կամ էլ կրկին Ուիլյամ Վոլոսի կերպարով ոգեշնչվելով՝ ոգևորվում են նրանց որոշ թիմակիցներ և սկսում հրապարակավ «Տիրոջ մեր» հայհոյելը: Դե ի՞նչ ունեն վախենալու, եթե նման փաստաբաններ ունեն կողքներին: Եթե այդ մարդիկ կարողանում են պաշտպանել Հովիկ Աբրահամյանին, Արամ Մանուկյանն ինչ է՞, որ հարկ եղած դեպքում նրան էլ չկարողանան պաշտպանել:
Կարեն ՎարդանյանOrer.am, վերլուծաբան