«Ամոթ Հայաստանը վաճառողին, ամոթ, Լֆիկ, ամոթ քեզ»,- ասել է այսօր ակտիվիստներից մեկը՝ խորհրդարան մուտք գործող Սամվել Ալեքսանյանին:
ՀՀԿ-ական պատգամավորը, որը մինչեւ այդ լուռ ժպտալով մտնում էր խորհրդարանի շենքին, դռան մոտից վրդովված հետ է շրջվել եւ գոռացել. «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար»:
Ակտիվիստն էլ պատասխանել է, որ Սամվել Ալեքսանյանին թվում է, թե «փողերով կարող է մարդու գլուխ պոկել»:
Անկեղծ ասեք, այս պատմությունը կարդալիս տհաճության զգացողություն չեք ունենու՞մ: Ինչ կապ ունի այդ մարդու մականունը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Ի՞նչ իրավունքով են մարդուն վիրավորում, այն դեպքում, երբ ակցիան ոչ թե Ալեքսանյանի դեմ է, այլ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության...
Սամվել Ալեքսանյանը աչքիս լույսը չէ, ավելին՝ նրա կոռուպցիոն գործարքների, իշխանություններին ծառայելու և ստվերում աշխատելու մասին ինքս բազմիցս հրապարակային հանդես եմ եկել: Հավաքվեք նրան պատկանող բիզնեսների վարչական շենքերի մոտ, պահանջեք, որ պետությունը հետաքննի նրա մութ գործարքները, բայց մարդու մականվան ու անձնականի հետ ի՞նչ գործ ունեք: Կարծում եք՝ դուք ավելի լավն ու դուխով ե՞ք դառնում, երբ մարդուն սադրում եք, որ ափերից դուրս գա և հակադարձի...
Կամ ինչ է նշանակում «փողերով կարող է մարդու գլուխ պոկել»: Փողը ի՞նչ կապ ունի, եթե մարդուն վիրավորում եք՝ առանց փողի չի կարո՞ղ պատասխանել
Ժամանակն է, որ դուրս գանք անձնականի վրա հերոսանալու այդ արատավոր երևույթից և ծավալենք իրական, ոչ թե իմիտացիոն, լաչառ պայքար: Այս և նմանատիպ երևույթներով դուք ուղղակի արժեզրկում եք այն գաղափարը, որի համար հավաքվել եք:
Ի դեպ, տհաճության նույն զգացողությունն եմ ունենում, երբ հնչեցվում են ոչ իշխանականների մականունները... Հերոսացեք իրական պայքարով, վիրավորելով դիվիդենտներ հավաքելը միգուցե դիվիդենտներ բերում է, բայց բացում է ձեր զինանոցի ամբողջ սնանկությունը...