Lenta.ru-ն ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել հայաստանյան ներքին քաղաքական իրավիճակին՝ գրելով, որ մինչ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում «նորմանդյան» ձևաչափով հանդիպումներն էին, Հայաստանում թափ էին առնում գործընթացներ, որոնք ի վիճակի են զգալի ազդեցություն ունենալ հանրապետության զարգացման վեկտորի ու ամբողջ Անդրկովկասի վրա: Այս մասին հայտնում է Orer.am-ը:
Հոդվածագիրը անդրադարձ է կատարում փետրվարի 12-ին Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ գրելով, որ տեղի դիտորդների կարծիքով՝ պատերազմի հայտարարություն էր ազդեցիկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, օլիգարխ, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի դեմ:
«Այդ հակամարտության ելքից, որում ներգրավված են հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերը, կախված է մերձավոր դաշնակցի ապագան, համապատասխանաբար՝ ռուս-հայկական հարաբերությունների ճակատագիրը»,- գրում է Lenta.ru-ի հոդվածագիր Նիկոլայ Բանինը:
Վերջինս հիշեցնում է, որ 2014թ. կեսին ՀՀ խորհրդարանական 4 խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», «Դաշնակցությունը» և «Հայոց համազգային շարժումը», իշխանություններին էին ներկայացրել 12 կետից բաղկացած վերջնագիր՝ պահանջելով երկրում անցկացնել տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ: Վերջնագրի ժամկետն արդեն սպառվել է, ու Հայաստանը ներկայում դարձել է Եվրասիական տնտեսական միության լիրավ անդամ, իսկ «քառյակը», որից դուրս եկավ «Դաշնակցությունը», վերածվեց եռյակի, սակայն ընդդիմադիր ուժերը իշխանություններին ցույց տվեցին իրենց հնարավորություններն ու կենսագործունեությունը:
Այնուհետև անդրադարձ է կատարվում Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, որտեղ նա խիստ քննադատել էր ՀՀ կառավարության ներկայացրած փաթեթը` երկրի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որը նախատեսում է կառավարման խորհրդարանական կարգի անցում: Ծառուկյանը հաշվարկում էր հանդես գալ որպես միասնական թեկնածու ընդդիմությունից, նկատում է Նիկոլայ Բանինը՝ հավելելով, թե այդ հայտարարությունից հետո Հայաստանում դեպքերը զարգացան կայծակնային արագությամբ:
«Փետրվարի 7-ին Երևանում առևանգվեց ու դաժան ծեծի ենթարկվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը: Հանցագործության մեջ «Բարգավաճ Հայաստանի» որոշ անդամներ մեղադրեցին երկրի բարձրագույն ղեկավարությանը՝ կոչ անելով ընդդիմադիր ուժերին բոյկոտել խորհրդարանի նիստերը մինչ հետաքննության ավարտը, իսկ արևմտամետ «Ժառանգությունը» տեղի ունեցածն անվանեց ոչ այլ ինչ, եթե ոչ իշխանությունների «ահաբեկչական ակտ»:
Փետրվարի 12-ին կայացավ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստ՝ նվիրված բացառապես Ծառուկյանին ու նրա հավակնություններին: Հիմնական հրապարակախոսի դերում երկրի նախագահն էր: Իր ելույթում Սերժ Սարգսյանը չամաչեց օգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Դոդի Գագո»...»,- գրում է Lenta.ru-ն:
Ի հավելումն ասվածի՝ ՀՀ նախագահը «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարին անվանեց «չարիք երկրի համար», հանեց Ազգային անվտանգության խորհրդից, կոչ արեց խորհրդարանական ղեկավարությանը քննարկել նրան պատգամավորական մանդատինց զրկելու հարցը:
«Նախագահի ելույթը երկրի ներկայացուցիչների կողմից ընկալվեց որպես գործողությունների ազդանշան, իսկ ընդդիմության առաջնորդի քննադատության գործում աչքի ընկան Հայաստանում քիչ թե շատ զգալի տեղ զբաղեցնող պաշտոնյաները՝ սկսած կառավարության ու Ազգային ժողովի ղեկավարներից, ավարտած նախարարությունների ղեկավարներով»,- նշված է հոդվածում:
ՀՀ նախագահի ելույթից հետո «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր դեմ սկսված արշավը կուսակցության դիրքորոշման արդյունք է` սահմանադրական բարեփոխումների մասով:
«Հայաստանում հասունացող բողոքը հատուկ նշանակություն ունի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով: 2015թ. հունվարից երկիրը ԵՏՄ լիիրավ անդամ է, այդ փաստի հետ է հանրապետության արևմտամետ ընդդիմությունը փորձում կապել երկրի վատթարացող տնտեսական ցուցանիշները»,- գրում է հոդվածագիրը: