«Ճիշտ կլինի, որ ՀՀ իշխանությունները կոնվենցիան հետ կանչեն». Հակոբ Հակոբյան
Politics«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային» միանալու պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի նախկին իշխանությունների կողմից, որից հետո 2017 թվականին այն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:
Այսօր, սակայն, ՀՀ նոր իշխանություններն են սկսել ակտիվ ջանքեր գործադրել այն հաստատելու համար, ինչը ոչ միայն չի ընդունվում Հայաստանի լայն հասարակության կողմից, այլև շարունակում է թեժ քննարկումների ու բանավեճերի առարկա մնալ:
Կոնվենցիայի վավերացման շուրջ մտավախություններ կան ոչ միայն Հայաստանում,այլև Արցախում, քանի որ եթե վավերացվի ՀՀ-ում, ապա ուշ թե շուտ այն չոքելու է նաև նրանց կառավարության դռանը:
Հաշվի առնելով նաև, որ Արցախյան հիմնահարցը, որի շուրջ զարգացումները դեռևս գտնվում են անորոշ շրջափուլում, բանական է, որ հայկական երկրորդ հանրապետության վզին նմաօրինակ խնդիր փաթաթելը ոչ միայն ավելորդ հոգս է, այլև սպառնալիք, ինչին անտարբեր չեն նաև Արցախյան քաղաքական ուժերը:
Ու թեև նրանք դեռևս դրույթ առ դրույթ չեն ուսումնասիրել կոնվենցիան, սակայն ունեն մտահոգություններ, որոնց մասին սկել են բարձրաձայնել:
«Արցախի արդարություն կուսակցության» համանախագահ Հակոբ Հակոբյանը orer.am-ի հետ զրուցում նշեց, որ Արցախում դեռևս սպասում են ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը, բայց ինչ վերաբերում է հայկական ավանդական ընտանիքին, ապա Արցախում այդ հարցն ավելի սուր է դրված: Եվ դժվար թե որևէ մեկի մտքով անցնի տեղի տալ կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրում օտարածին նման նկրտումներին:
«Շատերի համար հասկանալի չէ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, երբ իրականում ցանկացած տեսակի բռնության դեմ պայքարելու համար օրենքով նախատեսված դրույթների պակաս չկա: Եվ, երբ խոսվում է ընտանիքում կանանց և երեխաների բռնությունից Արցախում զարմանքով են արձագանքում: Հայկական ավանդական ընտանիքում երբեք էլ գենդերային անհավասարություն չի եղել, բացի այդ, այն կարող է նաև վնաս հասցնել բոլորիս, ոչ միայն որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին, այլև հայկական ավանդական ընտանիքի, մշակույթի հիմքերին:
Մեզ համար ընդունելի է կնոջ և մոր մի կերպար. և տղամարդու մեկ այլ կերպար, բայց նոր սահմանումների պարագայում կին է համարվում նաև այն անձնավորությունը, ով իրեն կին է զգում: Այսինքն՝ զարնվում ենք այն ընկալմանը, որ դրանից հետո հնարավոր կդառնա սեռափոխություն անել, տղամարդկանց դարձնել կին, ինչը ուղղակի սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ նույնիսկ շշուկով են խոսում նման երևույթների մասին»,- ասաց Հ. Հակոբյանը:
Կուսակցության առաջնորդը նշեց նաև, որ այն նաև կարող է հարվածել Արցախի պետականության հիմքերին: Եվ այսօր ոչ թե պետք է նման երևույթների մասին խոսել, այլ ամուր հայկական ընտանիք կառուցելու ավանդույթների, որպեսզի այդ ընտանիքում մեծացած զինվորն ավելի մարտունակ լինի:
«Հայ տղամարդիկ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինեն պաշտպանել իրենց ընտանիքները նաև մարտի դաշտից եկող վտանգներից: Եվ այս պայմաններում նման երևույթների ներմուծումն Արցախ ես շատ վտանգավոր միտում եմ համարում: Իմ կարծիքով հարկավոր է մեկ անգամ ևս վերանայել կոնվենցիան, հասկանալու համար, թե արդյո՞ք այն կարելի է վավերացնել, թե՞ ոչ:
Մեր կարծիքով ավելի ճիշտ կլինի, որ կոնվենցիան հետ կանչեն, քանի որ դեռ հարկավոր է հետազոտություններ իրականացնել, ոչ թե փակ աչքերով ինչ-որ բան ստորագրել: Նշեմ, որ նախկինում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ընտանիքներում տեղի ունեցող հանցագործությունները կազմում են բոլոր տեսակի հանցագործությունների 18 տոկոսը, որը համարժեք է այլ երկրների ցուցանիշներին: Բացի այդ, հայ հասարակությունն իր առանձնահտկությամբ ավելի հզոր ազդեցություն կարող է ունենալ արատավոր երևույթները վերացնելու հարցում, քան որևէ կոնվենցիա, հատկապես, երբ այն որևէ աղերս չունի մեր ազգային ընկալումների հետ»,- ասաց Հ. Հակոբյանը:
Արմինե Գրիգորյան