Հայաստանում անօդաչու էլեկտրամոբիլ են ստեղծում
SocietyՀայ մասնագետները աշխատում են Հայաստանում առաջին անօդաչու էլեկտրամոբիլի նախագծման վրա։ Ինչպես NEWS.am-ին հայտնեց YEA Engineering-ի տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը, ավտոմեքենայի նախատիպի վրա աշխատանքը ծրագրվում է ավարտել մինչեւ 2020թ․ ամառը։
Նրա խոսքերով, YEA Engineering ընկերությունը մշակել է անօդաչու ավտոմեքենաների թեսթավորման վիրտուալ համակարգ։ Անօդաչու ավտոմեքենաների համակարգերի հետ աշխատանքի եւ փորձի ընթացքում էլ ծնվել է սեփական ավտոմեքենան նախագծելու գաղափարը։ «Դա ներքին նախագիծ է, ավտոմեքենան ինժեներական ավանի տարածքում կփոխադրի աշխատակիցներին եւ հյուրերին։ Ներկայում, անցկացվում են նախագծային աշխատանքներ։ Դա կլինի էլեկտրամոբիլ, որի տարողությունը կկազմի 6-8 մարդ։ Էլեկտրամոբիլը կունենա անօդաչու գործառույթներ, որոնք պարբերաբար կավելանան։ Այն հագեցած կլինի ինժեներական ավանին հարմարեցված նավիգացիոն համակարգով»,- հայտարարեց Մարդոյանը։ Տվյալ փուլում նախագծվում է էլեկտրամոբիլն ինքը, հետո դրան կմիանան ռադարներրը, լիդարները եւ տեսախցիկները, նախագծվել են կառավարման բլոկի ալգորիթմները։ Բոլոր բաղադրիչները կթեսթավորվեն լաբորատորային պայմաններում՝ ընկերության կողմից մշակված վիրտուալ թեսթավորման համակարգի օգնությամբ։