Որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
SocietyՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով:
Քրեական գործով նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, 1994թ-ին ծնված երիտասարդը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, ուստի վերջինիս հարկ է ճանաչել անմեղսունակ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին և քրեական գործն ուղարկել է դատարան։ Այս պահին 1994թ. ծնված երիտասարդը գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: