Պաշտպան ունենալն արդյո՞ք նաև պարտականություն է
Society«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:
Օրաթերթը, համագործակցելով իրավաբանների հետ, հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները:
Հարց.- Արդյո՞ք հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պարտավոր է ունենալ պաշտպան:
Հարցին պատասխանում է իրավաբան Անի Ճաղարյանը:
-Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը նախատեսում է անձի արդար դատաքննության իրավունքը:
Համաձայն այս հոդվածի, քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, կամ եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը:
Այս սկզբունքը նախատեսում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը»։
Այս սկզբունքի իրականացման նպատակով էլ գործում է հանրային պաշտպանի ինստիտուտը: Այն դեպքերում, երբ անձը հնարավորություն չունի պաշտպան ունենալ, կամ չի ցանկանում, պետությունն է ներգրավում պաշտպան, և որոշ դեպքերում բացառվում է նրանից հրաժարվելը:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ.
-այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը,
-կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին,
-հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է,
- մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է, -կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է,
-դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում,
-ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ Սահմանադրական դատարանը, իր նախադեպային որոշումներից մեկում անդրադառնալով այս հարցին, նշել է, որ իրավունքի պաշտպանության և իրավունքի իրացումից հրաժարվելու ինստիտուտների կիրառման համատեքստում պետք է ապահովել համաչափություն, իսկ առանց վերապահումների իրավունքից հրաժարվելու ինստիտուտի կիրառումը կարող է հանգեցնել իրավունքի խախտման:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկում նույնպես անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ անձի՝ պաշտպանից հրաժարումը վարույթ իրականացնող մարմնի կողմից պետք է ընդունվի միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը համոզված կլինի, որ.
-նման ցանկություն նա հայտնել է ինքնակամ,
-նա կարողանում է ամբողջությամբ գիտակցել իր վարքագծի հետևանքները,
-նա ի վիճակի է ինքնուրույն իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը:
Ինչպես տեսնում ենք, պաշտպան ունենալն իրավունք է, ոչ թե պարտականություն:
Իսկ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել անձի այս իրավունքը:
Բացառություն են այն դեպքերը, երբ պաշտպանի առկայությունը պահանջում է արդարադատության շահը:
Այսպիսով, ստացվում է, որ պաշտպան ունենալու կամ ազատորեն պաշտպանից հրաժարվելու իրավունքը բացարձակ չէ: