Աչաջրեցի տղամարդու «ՈՒԱԶ»-ի զննությամբ հայտնաբերվածը մարիխուանա էր․ 4 հոգու բերման են ենթարկել
SocietyՄարտի 15-ին ոստիկանության Իջեւանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Աչաջուր գյուղի 59-ամյա մի բնակիչ պահում եւ օգտագործում է թմրամիջոց։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Աչաջուր գյուղում ոստիկանները հայտնաբերեցին 59-ամյա տղամարդուն, նրա «ՈւԱԶ» մեքենան եւ 3 ուղեւորների։
Զննությամբ մեքենայից հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված։
Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է կանեփի վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար։
Վարորդը եւ ուղեւորները կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Իջեւանի բաժին։
Ուղեւորներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված կանաչավուն զանգվածով կաթուցիչ։
Նա հայտարարեց, որ թմրամիջոցը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից, մի մասն օգտագործել է, մյուսը` պահել հետագայում օգտագործելու համար։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։