«Գիտեինք, որ ծխախոտով նկարները քննարկվելու են». Տաթեւ Հովակիմյան
LifestyleԴերասանուհիներ Տաթեւ Հովակիմյանը եւ Ժաննա Վելիցյանը, ոգեշնչվելով ամերիկյան «Փոքրիկ կանայք» ֆիլմով, համատեղ նոր ֆոտոշարք են իրականացրել: BRAVO.am-ը Տաթեւի հետ զրուցել է համագործակցության, Ժաննայի հետ մտերմիկ հարաբերությունների եւ համավարակի պատճառով հետաձգված ծրագրերի մասին:
Լուսանկարների հեղինակը Միլեն Մանուկյանն է.«Երեքս վաղուցվա մտերիմներ ենք: Երկուսին էլ շատ եմ սիրում, ինձ շատ հարազատ են: Ժաննայի հետ նաեւ մի ընդհանրություն ունենք՝ երբեք էսթետիկ վիրահատությունների չենք դիմել. մեր մարմնի վրա ամեն բան բնական է: Գաղափար ունեինք բնության գրկում բնական գեղեցկությունը ներկայացնել: Վաղուց էինք ծրագրում, որոշեցինք այնպես անել, որ Ժաննայի ծննդյան օրվան ընդառաջ պատրաստ լինի: Սկզբում մտածում էինք մի քանի աղջիկներով լուսանկարվել, բայց մտափոխվեցինք: Հնարավոր է՝ համագործակցությունը շարունակական լինի, եւ աստիճանաբար թիմը համալրենք»,- պատմել է դերասանուհին:
Նկարահանումն իրականացրել են Էջմիածնում.«Մոտ չորս ժամ շրջել ենք, գաղտնի վայրեր բացահայտել ու լուսանկարվել՝ խոսելով, ծիծաղելով եւ հումորներ անելով: Հիանալի ու ջերմ մթնոլորտում ենք աշխատել: Երբ միասին ենք, ժամանակը շատ արագ ու հագեցած է անցնում: Մեկս մյուսի հանդեպ դրական է տրամադրված, ինչն ամենակարեւորն է: Ինձ թվում է՝ երբ երեք ինքնաբավ մարդիկ մի տեղ են հավաքվում, արվեստի գործ է ստացվում»:
Քննադատություններից չեն խուսափում.«Գիտակցում էինք, որ ծխախոտով նկարները խոսակցության տեղիք են տալու: Ասելու են՝ հայ կնոջը հարիր չէ Արարատի ֆոնին ծխախոտով նկարվելը, բայց մեզ համար ուղղակի կերպարային նկարներ են: Երկուսս էլ ծխող չենք, ավելին՝ նույնիսկ ծխախոտի հոտից զզվում ենք»: