«Չեմ տխրում եւ սրտնեղում». Նարեկ Հայկազյանի 36-ամյակն ու կեսգիշերային հյուրերը
LifestyleՆարեկ Հայկազյանն այսօր՝ մայիսի 30-ին, նշում է 36-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը մտաբերել է հիշարժան տարեդարձն ու խոսել ձեռքբերումների մասին:
«Համավարակի տարածման պատճառով այս անգամ հավաքույթ չենք կազմակերպի: Չեմ տխրում ու սրտնեղում: Ուղիղ կեսգիշերին հյուրեր ունեինք, լավ ժամանակ անցկացրինք: Օրվա ընթացում էլ մենակ չենք մնա. սակավաթիվ այցելուներ կունենանք: 37-ամյակիս առթիվ, եթե խանգարող ոչ մի հանգամանք չլինի, մեծ խնջույք կկազմակերպենք ու կլրացնենք բացը: Բացի այդ, 7-ն իմ սիրելի թիվն է»,- ասել է նա:
Հոբելյարը խոստովանել է, որ ամեն տարի ծննդյան օրը տրամադրության անկում է ունենում.«Միշտ շատ ուրախ ենք տոնել, բայց ես ավելի թախծոտ եմ լինում. չեմ կարող բացատրել՝ ինչով է պայմանավորված: Ինչ խոսք, ամփոփում եմ ապրածս տարիները, բայց երբեք հետ չեմ նայում ու չեմ զղջում արածիս կամ չարածիս համար: Ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է, բացթողումների մասին չեմ էլ մտածում. առանց դրանց կյանքն անհետաքրքիր ու միապաղաղ կլիներ: Այն, ինչ դեռ չեմ արել, ապագայում կիրականացնեմ»:
Նարեկն առանձնացրել է 29-ամյակը.«Խնջույք չէինք ծրագրել, սակայն կինս՝ Ծովինարը, անակնկալ մատուցեց: Գործընկերներիցս մեկը զանգահարեց ու ասաց, որ մի նախագծի համար կազմակերպիչները հանդիպում են խնդրել: Վերջիններիս փոխարեն ռեստորանում ընկերներս ու մտերիմներս էին ինձ սպասում: Վառվեցին լույսերն ու սկսվեց քեֆը»:
Տորթի մոմերը փչելիս նյութական ցանկություններ չի մտապահում.«Առհասարակ, երազկոտ մարդ չեմ: Իմ առջեւ նպատակներ եմ դնում եւ փորձում եմ ամեն կերպ իրականություն դարձնել: Ուզում եմ միշտ առողջ լինենք, դա է ամենակարեւորը, մնացած ամեն ինչ ձեռքբերովի է»: