Մեծ Բրիտանիան մտադիր չէ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Հունաստանին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը ԵՄ ֆինանսների նախարարներին հայտնել է, որ Լոնդոնը մտադիր չէ ֆինանսական աջակցություն ցուցաբերել սնանկացման շեմին կանգնած Հունաստանին: Օսբորնը հայտնել է, որ Լոնդոնը չի ցանկանում բրիտանացիների վճարած հարկերը տրամադրել Հունաստանին՝ որպես ֆինանսական օգնություն:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Օսբորնը նաեւ բացառել է տարբերակը, որ օգտագործվի ԵՄ անդամ, սակայն եվրագոտում չգտնվող երկրի գումարները Հունաստանին աջակցության նոր փաթեթի ծրագրման համար: «Եվրագոտում մեր գործընկերը հստակ ազդանշան ստացավ Լոնդոնից առ այն, որ բրիտանացիների վճարած հարկերը որեւէ կերպ չի օգտագործվի Հունաստանին աջակցելու համար»,- ասել է Օսբորնը: