Հանրապետական կուսակցության չկայացվածության մասին
AnalysisՕրերս հայաստանյան հեռուստաեթերի հաղորդումներից մեկում հաղորդավարը, հարցադրումներ ուղղելով իր հյուրերին, բազմիցս իր խոսքը սկսեց աքսիոմատիկ այն պնդումով, թե Հանրապետական կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտի ամենակայացած քաղաքական ուժերից մեկն է։ Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ հանրապետականները կամ նրանց արբանյակները հանդես են գալիս նման հաստատական գնահատականով, սակայն օբյեկտիվ վերլուծության պարագայում շատ հեշտ է համոզվելը, որ սույն կուսակցությունը ոչ միայն ամենակայացածը չէ, այլև շատ հեռու է կայացած լինելուց ընդհանրապես։
Եվ ուրեմն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, իհարկե, անկախ Հայաստանի առաջին գրանցված կուսակցությունն է։ Իր ամբողջ գոյության ընթացքում այս կամ այն չափով հանրապետականն իշխանության հետ կոնֆորմիստական առնչություններ ունեցել է, 1998-99-ից մինչ օրս հանրապետականը իշխանության ղեկին է՝ կոալիցիայով կամ միայնակ։ Կուսակցության նման զարգացումն էլ հիմք է հանդիսանում վերջինիս ներկայացուցիչներին հայտարարել, թե Հանրապետականը կայացած քաղաքական ուժ է։ Մի կողմ թողնելով այն միջոցները, որոնց արդյունքում Հանրապետականը մեծամասնություն է կազմել և կազմում է Ազգային ժողովում, անդրադառնանաք մեկ այլ խնդրի։
Նախևառաջ` ներկայիս Հանրապետական կուսակցությունը շատ քիչ աղերսներ ունի Աշոտ Նավասարդյանի հիմնած կուսակցության հետ, որը 90-ականներին թեև ներկայացված էր ԱԺ-ում, սակայն ամենևին էլ որոշիչ գործոն չէր։ Նման հավակնություններ Հանրապետականի մոտ առաջացան միայն այս կուսակցությանը Վազգեն Սարգսյանի անդամակցությունից և 1998 թվականի պետական հեղաշրջումից հետո, երբ մի գիշերվա մեջ ՀՀՇ-ից առնետավազք սկսվեց դեպի Հանրապետական կուսակցություն։ 1999-ին Հանրապետականը Միասնություն դաշինքի կազմում հայտնվեց իշխանության ղեկին և մնում է այնտեղ մինչ օրս։ Այս ընթացքում Հանրապետական կուսակցությունը համալրվեց տնտեսական մենաշնորհներ ունեցող օլիգարխների մեծ բանակով, ովքեր հանրապետական դարձան կամ սկսեցին ծառայել վերջինիս՝ զուտ օլիգարխիկ և մենաշնորհային գործունեության անձեռնմխելիության համար՝ բնականաբար ծառայեցնելով իրենց ֆինանսական հնարավորությունները Հանրապետական կուսակցության շահերին։ Արդյունքում Հանրապետականը վերածվեց հայաստանյան քաղաքական դաշտում ամենահզոր ֆինանսական ռեսուրսներն ունեցող տնտեսա-քաղաքական միավորման։
Սակայն այս ամենը դեռևս կուսակցության կայացվածության ցուցիչ չէ, քանի որ նշված կուսակցության մեջ հավաքված անձանց հիմնական շարժառիթն անհատական կամ կլանային շահերն են, որոնց այս կամ այն չափով սպասարկում է ներկայիս հանրապետական վարչակարգը։ Հանրապետական կուսակցության այս թվացյալ հզորությունը, որի սկիզբը դրվեց մեկ գիշերվա մեջ, նույն սկզբունքով էլ հաշված ժամերի ընթացքում կարող է հօդս ցնդել այն պահին, երբ հանրապետականը ձեռքից բաց կթողնի վարչական ու քաղաքական լծակները։
Նման պայմաններում, երբ Հանրապետական կուսակցությունը լիովին հիմնաված է ներկա պահին իր ունեցած իշխանական լծակների առկայության վրա, միամտություն է դառնում խոսել որպես քաղաքական ուժ նրա կայացած կամ ամենակայցածը լինելու մասին, քանի որ Հանրապետականի դեպքում մենք գործ ունենք ավելի շատ ոչ թե կուսակցության, այլ զուտ անձնական, տնտեսական ու կլանային փոխադարձ շահերի վրա հիմնված կորպորացիայի հետ, որը լիովին կկազմաքանդվի իշխանական լծակներից հեռացվելուց հետո։
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան