Անտեսանելի թանաքը հնարավոր է մաքրել. Դ. Հարությունյանի պատասխանը Ն. Փաշինյանին
PoliticsԱԺ-ում անց է կացվում հանդիպում օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների միջեւ, որի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ մատերը թանաքոտելու վերաբերյալ հարցին, նախ՝ խոսելով ցուցակների հրապարակման մասին, ապա՝ պատասխանելով մատները թանաքոտելու հարցին, նշեց. «Ցուցակի էջերը պատճենահանելուն վերաբերվում եմ բացասական: Ես համարում եմ, որ պաշտոնական ցուցակը չի կարելի հրապարակել, ինչ վերաբերում է ցուցակը քաղվածք անելուն, լավ, թող մեկ տոկոսն էլ սխալ լինի, բայց ինչ վերաբերում է ցուցակը քաղվածք անելուն, որը ավելի կարճ ժամանակ է պահանջում, ապա ասեմ, որ ինքս ստուգել եմ ու այդ երկու ժամը ծայրահեղ մի բան է: Ինչ վերաբերում է մատները թանաքոտելուն, ապա ասեմ, որ դա՝ որպես երեւույթ, կիրառվել է այն երկրներում, որտեղ չկան անձը հաստատող միասնական փաստաթղթեր, մեկն ունի անձնագիր, մյուսը՝ եկեղեցու վկայական եւ այլն: Երբ գոյություն ունի միասնական բազա, կարծում եմ՝ կարող ենք խուսափել մատները թանաքոտելուց: Մատների թանաքոտումն ինքնին լուծում չէ եւ իր մեջ պարունակում է թերություններ: Երբ անցած անգամ քննարկում էինք այն հարցը, թե ինչպես խուսափենք կրկնակի քվեարկությունից, ասում էինք, որ պետք է մտցնենք կնիքի գաղափարը անձնագրերի վերջին էջում, սակայն արդյո՞ք նվազեց գործընթացի նկատմամբ անվստահությունը, իհարկե, ոչ: Ինչո՞ւ: Որովհետեւ պարզվեց՝ կան մեխանիզմներ, որ այդ կնիքը, որ գնվել է շատ հայտնի կազմակերպությունից, հնարավոր է հանել:
Կարճ անդրադառնամ մատների թանաքոտմանը, չեմ խոսում քաղաքակիրթ լինել-չլինելու մասին, բայց կա երկու եղանակ: Մատները թանաքոտվում են տեսնելի ու ոչ տեսանելի թանաքով: Երբ մատները թանաքոտվում են տեսանելի թանաքով, ապա ասեմ, որ կա ընտրողների մի հատված, որն ասում է՝ իմ մատը չթանաքոտեք, անկեղծ ասած, ես իրենց հասկանում եմ՝ դա նորմալ երեւույթ չէ: Եթե տարբեր երկրների փորձն ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ շատ երկրներում դա բերել է բացասական հետեւանքների: Ինչ վերաբերում է անտեսանելի թանաքին, ապա ասեմ, որ վերջին տարիներին աշխարհում անտեսանելի թանաք ավելի շատ են օգտագործում, քան տեսանելին: Սակայն, ցավոք սրտի, անտեսանելի թանաքը եւս կարող է առաջացնել խնդիրներ: Մեր հարեւան երկրում այն կիրառվել է: Ասեմ այն խնդիրները, որոնք առկա են այստեղ: Անտեսանելի թանաքն արվում է, որ հանձնաժողովի անդամը եւ վստահված անձը կարողանա հասկանալ՝ տեղամասում տվյալ անձը քվեարկե՞լ է, թե՞ ոչ: Նկատենք, որ վերահսկողը հանձնաժողովի անդամ է եւ եթե ինքը չի կարողանում վերահսկել, որ անձը ցուցակում չկա, ապա մատը թանաքոտելը վերահսկելը եւս դժվար կարողանա պատշաճ վերահսկել: Անտեսանելի թանաքը վերահսկվում է ուլտրամանուշակագույն լույսով, իսկ դա նշանակում է՝ հանձնաժողովները պետք է ունենան լապտեր: Ուլտրամանուշակագույն լամպը, սակայն, ունի թույլ հզորություն եւ մեկ երկու մետրից հնարավոր չէ նկատել՝ այն միացվա՞ծ է, թե՞ ոչ: Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամն արհեստականորեն է գործընթացն իրականացնել՝ առանց միացնելու լապտերը: Երկրորդ խնդիրն այն է, որ այդ լամպն ունի նույն տեսքը, ինչ սովորական լամպը: Սովորական լամպի տակ թանաքը չի երեւում: Երրորդ խնդիրն էլ այն է, որ տարբեր տեղեր, օրինակ՝ դռան բռնակի վրա, թանաք է հայտնաբերվել եւ քսվել մարդու մատին: Եթե ինչ-ինչ ձեւով մարդու ձեռքի վրա կան թանաքի հետքեր, բայց մարդը չի քվեարկել, ապա ի՞նչ պետք է անի մարդը: Եւ չորրորդ խնդիրն էլ այն է, որ ժամանակին խնդրել էինք, որ բերեն այդ թանաքից եւ մենք համոզվեցինք, որ թանաքը հնարավոր է մաքրել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Սոսե Չանդոյան