ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել. այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, ՀՀ Նախագահի հրամանագրով Արթուր Օսիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով Արթուր Օսիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
Իր դիմումի համաձայն՝ Հայկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից։
ՀՀ ոստիկանության կայքում զետեղված կենսագրականում նշվում է, որ Արթուր Օսիկյանը ծնվել է 1973 թ. հուլիսի 25-ին, Երևան քաղաքում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը` իրավաբանի որակավորմամբ: Սովորել է ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
1995-1999 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որպես մասնագետ, խորհրդատու, փորձագետ, 1999-2001 թթ. ՀՀ Գլխավոր դատախազությունում` ՀՀ զինվորական դատախազի օգնական, 2001-2003 թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմում, որպես իրավաբանական վարչության պետ, 2003-2008 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ, 2008-2009 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, 2009 թ.` ՀՀ Գլխավոր դատախազությունում` գլխավոր դատախազի տեղակալ:
ՀՀ Նախագահի 2009 թ. սեպտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:
2009 թ. սեպտեմբերի 15-ին շնորհվել է ոստիկանության գնդապետի, 2011 թ. սեպտեմբերի 3-ին` ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Պարգևատրվել է` 2006 թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր: