Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Թուրքիայի նոր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում, ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում։
«Ես այստեղ ոչ մի վտանգ չեմ տեսնում։ ՆԱՏՕ-ն չի խառնվի այդ հարցում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդիրը ՆԱՏՕ-ի հետ որևէ կապ չունի, և ՆԱՏՕ-ի անդամներից ոչ մեկը ներգրավված չէ այդ խնդրում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը։
Ըստ նրա՝ Էրդողանը նման հայտարարություն արել է, որովհետև գտնվել է Բաքվում։ «Բացի այդ՝ Էրդողանը կարող է այդ հարցը բարձրացնել և ըստ երևույթին կբարձրացնի, սակայն ՆԱՏՕ-ի բոլոր որոշումներն ընդունվում է կոնսենսուսով, և մենք ՆԱՏՕ-ում ունենք բարեկամ երկրներ, որոնք, եթե կարիք լինի, այդ որոշմանը դեմ կքվեարկեն։ Ես ոչ մի վտանգ, մտահոգության պատճառ չեմ տեսնում և վստահ եմ, որ ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ, նույնիսկ հայտարարությամբ չի միջամտելու» ,-ասաց քաղաքագետը։