Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ կազմակերպություններում հղիներին աշխատանքի ընդունելու գործընթացում հիմնականում ամեն ինչ շատ ճիշտ է արվում։ Հիշեցնենք, որ ըստ Aravot.am-ի՝ Վերահսկիչ պալատը պարզել է, որ հղիների ֆիզարձակուրդի և նպաստների հետ կապված չարաշահումներ են եղել, մասնավորապես՝ կազմակերպությունները հղիներին ընդունում են աշխատանքի և մի քանի օր անց ուղարկում դեկրետի:
Գագիկ Մակարյանը նշեց, որ ինքը նման ինֆորմացիա չունի, և հարկային մարմինները կազմակերպություններում վաղուց են ստուգումներ իրականացնում։
«Հնարավոր է՝ մի քանի ընկերություն ցանկանա նման բան անել, օրինակ՝ իրենց բարեկամ, ծանոթին ընդունեն աշխատանքի որպես լավություն, սակայն ես այդպիսի դեպք չեմ լսել»,-ասաց նա։
Ըստ նրա՝ այստեղ չարաշահման խնդիր չկա, և պետությունը մի կողմից՝ շահագրգռված է, որպեսզի խթանի երեխաների ծնունդների թվի աճը, մյուս կողմից՝ այդ պայքարով, սխալ հակադրվելով, կասկածամտությամբ խանգարում է այդ գործընթացին։
«Կարծեք ստուգողների տրամադրությունն ուրիշ նպատակ է հետապնդում, ոչ թե՝ իրականությունը պարզել»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Նա նշեց, որ այսօր ձեռնարկություններն իրենց գոյությունը հազիվ են պահպանում, այնպիսի վիճակ չէ, որ կազմակերպություններում աշխատատեղերն այնքան շատ լինեն, որ ինչ-որ մակարդակի չարաշահումներ իրականացվեն։