Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում ավարտվել են բնակավայրը Սևան-Գավառ ավտոմայրուղուն կապող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճափի գյուղապետ Հայկ Սիմոնյանը, շինարարական աշխատանքներն իրականացնող «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ շինարարների ջանքերով և ՀՀ կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում հատկացված 104 միլիոն դրամի հաշվին ասֆալտապատվել է Սևան-Գավառ ավտոմայրուղուց Լճափ մտնող ավտոճանապարհը 1100 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ և 5 սանտիմետր շերտով:
«Սա անգնահատելի նվեր էր մեր գյուղի համար, քանի որ տասնամյակներ շարունակ գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի հիմնանորոգումը դարձել էր գրեթե անլուծելի խնդիր, ճանապարհի շահագործումը` անչափ դժվարին: Այժմ մեզ մնում է մտածել նույն ճանապարհը մինչև գյուղապետարանի շենք և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան հիմնանորոգելու մասին: Այն կկազմի մոտ 700 մետր, որի համար այս պահից պետք է սկսենք նոր միջոցներ, նոր ծրագրեր որոնել` եկող տարում գյուղում կենտրոնական նորոգ ճանապարհ ունենալու համար», - նշեց համայնքի ղեկավարը:
Լճափի մուտքի ճանապարհի հիմնանորոգումը ներառված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում: