Ադրբեջանում ևս մեկ գաղտնի տեսախցիկի սկանդալ է հասունանում' այս անգամ Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդի նկատմամբ:
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար (ԿՄՎ), շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն տարիներ շարունակ գաղտնի տեսախցիկներով նկարահանել և հետևել է իր աշխատակիցներին: Տեսախցիկները ղեկավարող անձը ժամանակ առաջ գաղթել է Շվեյցարիա և իր հետ տարել գաղտնի տեսախցիկների նկարահանած նյութերի ամբողջ բազան: Ադրբեջանի շեյխը գաղտնի տեսախցիկներ է տեղադրել ախունդների սենյակներում, Բաքվի իսլամական համալսարանի ռեկտորի և դասախոսների առանձնասենյակներում, իր տեղակալ Հաջի Սալմանի սենյակում և Հաջջի մեկնողների փաստաթղթերի վարչությունում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը' նշելով, որ այդ տեղեկությունը հայտնի է դարձել մեկ ամիս առաջ, և ներկայում ԿՄՎ-ում փոխադարձ հարաբերությունները խիստ լարված են:
Նշվում է, որ ԿՄՎ-ի առաջնորդի տեղակալներից Միր Ազին այդ մասին տեղեկանալուց հետո, Փաշազադեի հետ ունեցած վիճաբանության հետևանքով անգամ սրտի կաթված է տարել: Բացի այդ, ԿՄՎ-ում բոլորը մտածում են, որ շեյխի ձեռքում իրենց մասին լուրջ վարկաբեկող նյութեր կան:
Ըստ կայքի' ԿՄՎ-ում նույնիսկ մտածում են, որ շեյխի վարկաբեկող նյութերն անցել են նաև ուրիշ ձեռքեր, քանի որ այդ համակարգի հեղինակը, որպես վտարանդի, ներկայում բնակվում է Շվեյցարիայում, և չի բացառվում, որ Ադրբեջանի իշխանությունից և շեյխից նեղացած այդ անձն իր հետ տարել է ԿՄՎ-ի դեմ վարկաբեկող նյութերի ամբողջ բազան:
«Այդ պատճառով, շեյխն ինքը ևս սկսել է լրջորեն անհանգստանալ, քանի որ այդ անձի մոտ եղած վարկաբեկող նյութերի միջոցով կարող է շանտաժի ենթարկվել Ադրբեջանի ամբողջ կրոնական վերնախավը: Վտարանդիության մեջ գտնվող անձի մոտ լուրջ վարկաբեկող նյութեր կան նաև շեյխի մասին: Այդ նյութերի բացահայտման դեպքում շեյխի ամբողջ կարիերան կարող է հօդս ցնդել», -գրում է կայքը:
Նշենք, որ Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևը 2010 թվականին Ադրբեջանից հեռանալուց հետո, Բաքվում նրա գաղտնի նկարահանած տեսանյութերը տեղադրվեցին համացանցում և Ադրբեջանում լուրջ քաղաքական աղմուկի պատճառ դարձան: Նրա հրապարակած տեսանյութերից հետո իշխող կուսակցության առաջատար ներկայացուցիչ Գյուլեր Ահմեդովան զրկվեց պատգամավորական մանդատից և ձերբակալվեց: Այժմ էլ նման իրավիճակ կարող է տեղի ունենալ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի շրջապատում: