Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների և մարզային վաչությունների ղեկավարներ:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունինց՝ անդրադառնալով ընթացիկ և ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշել է, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական գրաֆիկի փուլ առ փուլ անցնում են նոր համազգեստի կրման, և պատասխանատուներին հանձնարարել է անվերապահ պահանջկոտություն ու հետևողականություն ցուցաբերել համազգեստի որակի, անձնակազմը նոր համազգեստով ապահովելու, ինչպեսև՝ ոստիկանների պահվածքի, վայելուչ տեսքի ու բարեկրթության հարցերում:
Ոստիկանության պետն անդրադարձել է պետական պահպանության գլխավոր վարչության խնդիրներին և ղեկավարությունից պահանջել ավելի սերտ աշխատել տարածքային բաժինների հետ՝ նկատի ունենալով, որ պետական պահպանության ծառայողները տարածքներում ո´չ միայն օբյեկտների պահպանություն են իրականացնում, այլև՝ հավասարապես պատասխանատու են օպերատիվ իրավիճակի վերահսկման համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանը, այս ոլորտում դիտարկումներ կատարող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սերտացմանը վերաբերող և մի շարք այլ խնդիրներ:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի վերաբերյալ: