2013 թ-ի ընթացքում հանրապետության ողջ տարածքում գրանցվել է անշարժ գույքի 48 716 գործարք, որոնցից 36 208-ը՝ առուվաճառքի: Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած ցուցանիշները, 2013թ. Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի 14 677 գործարքի 60.5%-ը բազմաբնակարան շենքերի բնակարաններ են: Երևան քաղաքում 2012թ. համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 6.9%-ով:
Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 2013թ-ին Երևանում 1մ քառ.-ին կազմել է 271 հազ 300 դրամ, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այն աճել է 14 հազար դրամով: Կենտրոնում եթե 2012թ-ին բնակարանի 1 քառ մ-ը արժեր 411 հազ. 900 դրամ, ապա 2013թ-ին՝ 427 հազ.: Այնուհետև բնակարանների գները ամենաբարձրը գնահատվում են Արաբկիրում՝ 355 հազ. դրամ, ինչը շուրջ 14 հազ. դրամով ավելի է 2012թ-ի համեմատ, Քանաքեռ-Զեյթունում՝ 281 900:
Երևանում ամենամատչելի բնակարանները Նուբարաշենում են, որոնց 1 քառ. մետրը թանկացել է 9000 դրամով՝ կազմելով 150 հազ. 900, այնուհետև Մալաթիա – Սեբաստիայում՝ 239 500 դրամ:
Հանրապետության մյուս քաղաքներում 2013թ. բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2012թ. համեմատ աճել են 4.3%-ով: Ծաղկաձորում բնակարանների 1 քառ. մետր մակերեսի գինը 2013թ-ին կազմել է 292 հազ. 500, Վաղարշապատում՝ 154 հազ., Աբովյանում՝ 154 հազ. 600:
Սյունիքի մարզի Դաստակերտ և Լոռու մարզի Շամլուղ քաղաքներում բնակարանների 1 քառ. մ մակերեսի գինը ինչպես 2012թ-ին, այնպես էլ՝ 2013թ-ին կազմել է 8000 և 11 հազ. դրամ:
2013թ. Երևան քաղաքում բնակելի տների շինության 1 քառ. մ մակերեսի շուկայական միջին գները 2012թ. համեմատ աճել են 3.9 %-ով, իսկ հանրապետության մյուս քաղաքներում՝ 3.3%-ով: