Սեպտեմբերի 5-ից Ծաղկաձորում մեկնարկել է «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում լրացուցիչ հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի շրջանակներում ամառային դպրոցը, որի նպատակն է հեռավար հարթակում առցանց դասընթացների գործնական կառուցումը, հեռավար դասընթացների տեսագրությունների / պրեզենտացիաների նկարահանում և մոնտաժը, տեսականֆերանսների ինտեգրումը հեռավոր դասընթացներում և այլն:
Սեպտեմբերի 7-ին նույնպես օրակարգը հագեցած էր, Արուսյակ Հարությունյանը դասավանդեց առցանց գնահատման ռազմավարություններ և ուսանողների ներգրավում ու մոտիվացում, իսկ հեռավար դասընթացների կառուցման պրակտիկումը վարեցին Նարինե Վարդանյանը, Արմեն Սարգսյանը, Վահագն Աղաբաբյանը, Տաթևիկ Զարգարյանը, Տիգրան Զարգարյանը և Տիգրան Զաքարյանը:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Տաթևիկ Զարգարյանը, ով ամառային դպրոցում ևս դասախոսներին փոխանցում է իր մասնագիտական հմտությունները, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ իր վարած դասընթացը վարժությունների և տեղեկատվական պաշարների մասին է, թե ինչպես դասախոսները կարող են իրենց դասընթացը ստեղծելու ժամանակ տեղադրել այդ վարժությունները և տեղեկատվական պաշարները՝ ուսանողներին հանձնարարություններ տալու համար, ինչպես կարող են գնահատել այդ վարժությունները և ընդհանրապես ինչպես գնահատել նրանց գիտելիքների մակարդակը՝ առանց անձամբ տեսնելու ուսանողներին: «Նմանատիպ դասընթաց առաջին անգամ չեմ վարում, Ամերիկյան համալսարանում ես այս դասընթացը բոլոր դասախոսների հետ անցկացրել եմ, այնպես որ սա նորություն չէ ինձ համար»,- ասաց մասնագետը: Զարգարյանը նշեց նաև, որ դասախոսները շատ հետաքրքրված են այս դասընթացով և վստահաբար ձեռք բերված գիտելիքները նրանք պրակտիկայում արդյունավետ կկիրառեն:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ IT բաժնի ադմինիստրատոր Վահագն Աղաբաբյանը, ով դասախոսներին դասավանդում է վիդեո-դասընթաց պատրաստելու հմտություններ, Orer.am-ին ասաց, որ հետևելով ստացիոնար կրթության մակարդակի անկմանը՝ հեռավար կրթությունը միգուցե, լինելով առավել հարմարավետ, կկարողանա լրացնել բացերը և մարդկանց հնարավորություն կտա համալրելու իրենց գիտելիքները: Դասախոսների պատրաստվածության աստիճանից Աղաբաբյանը գոհ է՝ հատկապես ընդգծելով ՀՀ ԳԱԱ-ի դասախոսների բարձր որակական հատկանիշները: «Հաշվի առվելով Գիտությունների ակադեմիայի կադրերի պատրաստվածությունն ու այն հանգամանքները, որ գիտության զարգացման ֆունդամենտալ կառույցները հենց այնտեղ են կենտրոնացված՝ վստահ եմ, որ հեռավար կրթության առաջամարտիկները հենց ՀՀ ԳԱԱ դասախոսներն են լինելու»,- ընդգծեց Աղաբաբյանը: