ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Հորդանանի Հաշեմյան թագավորության նորանշանակ դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարին (նստավայրը` Տաշքենդ)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Բալքարն իր գործունեությամբ կնպաստի հայ-հորդանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հորդանանի դեսպանը վստահեցրել է, որ գործուն քայլեր կձեռնարկի` երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալքարը մանրամասն քննարկել են Սերժ Սարգսյանի՝ Հորդանան նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքները, այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բալքարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների` սիրիական ճգնաժամի, Իրաքի հյուսիսում ծայրահեղականների կողմից շարունակվող բռնությունների և իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ մոտեցումները։