Կիևի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ԵԱՀԿ-ի կազմակերպած տեսակոնֆերենցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել փոխանակելու միայն 30 ռազմագերու: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին է հաղորդել ԴԺՀ առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը:
«Փոխանակումը 30-ը 30-ի վրա է լինելու, որից հետո շարունակելու ենք աշխատանքը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Պուրգինը նշել է, որ այդ գործընթացում որոշակի խոչընդոտներ են առաջացել, որոնց մասին նա չի կարող բարձրաձայնել:
ԴԺՀ ներկայացուցչի կարծիքով՝ այդ խնդիրների լուծումը իրականացվելու է հաջորդ տեսակոնֆերենցների ընթացում, որոնք ավելի շատ կկազմակերպվեն: Պուրգինի խոսքերով՝ մոտ ժամանակներս կազմակերպվող տեսակոնֆերենցը կկայանա ժամը 21:00-ին (22:00-ին՝ Մոսկվայի ժամով):
ԵԱՀԿ-ի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի մասնակցությամբ ռազմագերիների փոխանցման խնդրի շուրջ կազմակերպված կոնֆերենցը կայացել է սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին: