Ամբողջ աշխարն այլեւս տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի մասին եւ անգամ մինչ երեկ լռություն պահպանողները եւս չեն խուսափում խոսել ճշմարտությունից:
Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունները խիստ զեկույցներ են պատրաստում Ադրբեջանի մասին, միջազգային հարթակներում դժվար հարցեր են տրվում Ադրբեջանի կառավարությանը եւ հայտարարվում է, որ զիջումների ժամանակաշրջանն արդեն ավարտվել է: Ադրբեջանակա ն կառավարության կողմից տարբեր երկրներում կյանքի կոչվող բարեգործական նախագծերը, «խավիարային դիվանագիտությունը», արեւմտյան լոբբիստները, սփյուռքի գործունեությունն արտասհմանում այլեւս չեն կարողանում թաքցնել Ադրբեջանում տիրող իրական իրավիճակը:
Ադրբեջանական լոբբիստների համար այլեւս անհնար է դարձել հաստատել ադրբեջանական իշխանության կողմից առաջ տարվող' «մածունը սեւ է» պնդումը: Ադրբեջանի իշխանությունն էլ ստեղծված փակուղուց դուրս գալու համար ուժեղացրել է ներքին բռնաճնշումները: Սակայն, այս քաղաքականությունն ավելի մեծ փակուղի է տանում եւ Իլհամ Ալիեւի ռեժիմի վարձու կողմնակիցներին թողնում առանց փաստարկների, զրկում նրանց նրա օգտին գործելու «զենքերից», քանի որ իշխանության կողմից «կարմիր գիծն» անցնելու փաստը տեղ չի թողել որեւէ ստի համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ»-ը' նշելով, որ մինչ երեկ քաղաքական կուսակցությունների ակտիվիստներին «թմրանյութերի», «խուլիգանության» մեղադրանքներով ձերբակալողները աշխարհով մեկ հայտարարում էին, թե այդ մարդիկ քաղբանտարկյալներ չեն, բայց իրավիճակն այնպիսի սահմանի հասավ, որ Եվրոպական դատարանում տասնյակ գործեր շահած Ինտիգամ Ալիեւը, Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը պատրաստած Լեյլա Յունուսը, երկրում ընտրությունների մոնիտորին գ անցկացրած եւ միջազգային հարթակներում հայտնի Անար Մամեդլին ու ուրիշները ձերբակալվեցին կեղծ մեղադրանքներով:
«Այս մարդկանց ձերբակալությունն իշխանությունը չկարողացավ թաքցնել, ինչպես դա անում էր շարքային ընդդիմադիրների նկատմամբ: Այդ ձերբակալություններից հետո Ֆրանսիան, Լեհաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտեցին Ադրբեջանի իշխանությունը: Վերջին օրերին նույնիսկ խոսվում է Ադրբեջանի իշխանության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Չնայած այս բոլորին, իշխանությունն ավելի խայտառակ քայլ կատարեց եւ արգելեց երկրից դուրս գալ Ադրբեջանի քաղաքացի Սաիդ Նուրիին:
Նման քայլերով Ադրբեջանի իշխանությունը շարժվում է դեպի միջազգային մեկուսացում: Միտումը ցույց է տալիս, որ առաջիկայում Ադրբեջանի իշխանությանն ավելի ծանր քննություններ, ավելի վճռական հայտարարություններ են սպասում: Վիճակը ծանրանալու է այն պատճառով, որ ադրբեջանական իշխանությունը փաստարկներից զրկել է արտասահմանի իր կողմնակիցներին եւ հանդիսավոր խոստումներն այլեւս պաշտպանվելու խթան չեն:
Մի խոսքով' Ալիեւի կառավարությունն այնքան արագորեն է կացնահարում այն ճյուղը, որի վրա բստած է, որ ոչ ոք փրկելու նպատակով մոտ չի գալիս նրան, քանի որ այդ ճյուղին յուրաքանչյուր մոտեցողին ներքեւում լուրջ վնասվածք է սպասում:
Այժմ «ամենամեծ խորամանկությունը ճշմարտությունն է» սկզբունքն ավելի հաջող քաղաքականություն է համարվում: Հենց այդ պատճառով էլ ճշմարտությունն անտեսողները կդատապարտվեն պարտության», -նշում է թերթը: