Ուկրաինայում հրադադարը հիմնականում պահպանվում է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հայտնել է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նախագահ, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Թոմաս Գրեմինգերը:
«Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, թեև այն դեռևս փխրուն բնույթ է կրում»,-ասել է նա՝ Վիեննայում ելույթ ունենալով կազմակերպության անդամների արտահերթ հանդիպմանը: Գրեմինգերի խոսքով՝ «հաջորդ մի քանի օրերը վճռորոշ կլինեն»:
ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ ներկայում Ուկրաինայում են գտնվում այդ կազմակերպության 250 դիտորդներ:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ կազմակերպությունը վերջին երկու օրվա ընթացքում Ուկրաինա է ուղարկել հրադադարի մոնիթորինգի փորձ ունեցող 59 մասնագետների և այժմ վարձում է նոր դիտորդների: Նրա հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԵԱՀԿ եռակողմ շփման խմբի և աշխարհազորի ներկայացուցիչների Մինսկի արձանագրության ստորագրման արդյունքում ստեղծվել է հրադադարի ռեժիմի խախտման և այլ միջադեպերի դեպքում գործողությունների սկզբնական մեխանիզմ:
«Մեխանիզմը կողմերի հետ համագործակցությամբ կճշտվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում»,- նշվում է Բուրկհալտերի հայտարարության մեջ: Նաև քննարկվում է անօդաչու թռչող ապարատների օգտագործումը՝ որպես ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների ներդրումը Ուկրաինայում Հատուկ դիտորդական առաքելության գործունեության մեջ:
Սեպտեմբերի 5-ին Մինսկում ստորագրվել է արձանագրություն, որը ԵԱՀԿ-ի մոնիթորինգ է նախատեսում ինչպես Կիևի ուժերի և աշխարհազորայինների միջև հրադադարի ռեժիմի, այնպես էլ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով անվտանգության գոտու նկատմամբ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: