Ուկրաինայի արևելքում հակամարտությունը ձեռնտու չէ ո′չ Բելառուսին, ո′չ Ռուսաստանին, ո′չ էլ հենց Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դիմելով Մինսկի կաշվի արտադրական միավորման աշխատողներին:
«Ուկրաինայում եղբայրասպան պատերազմ է ընթանում: Դա մրցակցություն է, դիմակայություն: Դուք հասկանում եք՝ ում է դա ձեռնտու: Դա մեզ ձեռնտու չէ, Ուկրաինային ձեռնտու չէ, դա Ռուսաստանին էլ ձեռնտու չէ… Դա ոչ մեկի հարկավոր չէ, դա խախտում է կյանքի ամբողջ դրվածքը»,- ասել է Լուկաշենկոն:
Ընդսմին նա նշել է, որ Բելառուսը կարող է աշխատել միայն հանուն խաղաղության, «որպեսզի խաղեղեցնի այնտեղ տիրող իրադրությունը»: Նախագահը հավաստիացրել է, որ Ուկրաինայի իրադրությունը չի ազդի Բելառուսի դրության վրա, և հիշեցրել է, որ Ուկրաինայում ստեղծված իրադրության խորքային պատճառները կապված են «կոռուպցիայի, իշխանության կազմալուծման, բանդիտիզմի» հետ:
Լուկաշենկոն նաև այն կարծիքին է, որ Ուկրաինայում շատ լուրջ տեղեկատվական պատերազմ է ընթանում: Նրա խոսքով՝ այդ պատերազմը մղվում էր նաև Բելառուսի դեմ, «բայց մենք կարողացանք դիմակայել, ուստի հարկավոր է հանգիստ նայել այդ տեղեկատվական պատերազմներին», հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: