Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորները հրաժարվել են դատել խարդախության մեջ մեղադրվող իրենց նախկին գործընկեր Հասան Ալիևին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, այսօր տեղի ունեցած դատավարության ժամանակ դատավոր Ազեր Օրուջևը հայտնել է դատական կազմի ինքնաբացարկ հայտարարելու մասին: Ա. Օրուջևն ասել է, որ ինքն ու դատական կազմը' Ալովսաթ Աբբասովը, Ալիսուլթան Օսմանովը եղել են մեղադրյալ Հասան Ալիևի գործընկերները և չեն կարող դատել նրան: Դատական գործն անորոշ ժամանակով հետաձգվել է:
Ենթադրվում է, որ իրենց գործընկերոջը դատելուց հրաժարվելը պայմանավորված է հիշյալ դատավորների նույնպես կաշառակեր և խարդախ լինելու հետ, քանի որ վերջիններս վախենում են, որ Հասան Ալիևի ազգականներն ու ընկերները կարող են բացահայտել իրենց խարդախությունները ևս:
Նախկին դատավոր Հասան Ալիևը Ռուսաստանից Բաքու վերադարձած ձեռնարկատեր Ռամազան Սալիմովից 6000 մանաթ կաշառք էր վերցրել' խոստանալով աշխատանքի տեղավորել նրան: Նա ոչ միայն չի կատարել խոստումը, այլև հրաժարվել է վերադարձնել վերցրած փողը: Ռ. Սալիմովը բողոքով դիմել է ոստիկանություն: Քրեական գործ է բացվել: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Հասան Ալիևի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվել են, և նա ձերբակալվել է: